ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս իմանանք` Հայաստան ներկրվող շամպունների ու հեղուկ օճառների բաղադրությունն ինչպիսին է: Շամպուններն օգտագործելիս զգում եմ, որ որակազրկված են (համեմատում եմ արտասահմանում գնված շամպունների հետ ): Լսել եմ նաեւ՝ եղել են դեպքեր, որ շամպունի տուփի մեջ ամանի հեղուկ է լցված եղել: Ի՞նչ կասի այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը: Տեսչությունը զբաղվո՞ւմ է նման տիպի ապրանքների  բաղադրության ուսումնասիրմամբ:

Գայանե Գասպարյան, 38 տարեկան,
օտար լեզվի մասնագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերեւութաակտիվ միջոցների եւ մակերեւութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշումը, որով սահմանված են լվացող եւ մաքրող միջոցներին վերաբերող բոլոր պահանջները, մասնավորապես նշված է, որ ՀՀ տարածք ներկրվող ապրանքները պետք է ուղեկցվեն հայերեն մակնշմամբ: Մակնշումն էլ իր հերթին պետք է տեղեկություն պարունակի տվյալ ապրանքների բաղադրության վերաբերյալ, իսկ բացակայության դեպքում այն կհամարվի վերոնշյալ կանոնակարգի պահանջի խախտում, որի նկատմամբ տեսչությունն իրականացնում է վերահսկողական գործառույթներ: Ինչ վերաբերում է բաղադրության իսկությանը, ապա այն հավաստվում է փորձարկման միջոցով` համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրվող եզրակացության հիման վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության թեժ գծին հետեւյալ հեռախոսահամարով` 010-23.56.00:

Շուկայի եւ սպառողների շահերի
 պաշտպանության պետական
տեսչության պետ Լեւոն Խալիկյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե սննդամթերքի բաղադրությունը որոշակի ստուգումների չի ենթարկվում, ապա հազիվ թե մաշկի խնամքի միջոցները երբեւէ հետաքրքրեն ստուգող կառույցներին:




Լրահոս