ՀԱՐՑ. ՀՀ-ում քանի՞ ծերանոց կա, եւ որտե՞ղ են գտնվում (եթե հնարավոր է, խնդրում եմ հասցեները նշել): Ես 72 տարեկան, եմ, ունեմ տուն, ստանում եմ բարձր թոշակ, բայց ցանկանում եմ ծերանոցում ապրել: Հետաքրքիր է իմանալ, թե որ դեպքերում են ծերանոց ընդունում, եւ եթե ես բնակարանով ապահովված եմ, ինձ կընդունե՞ն: Խնդրում եմ մանրամասնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում է ընդհանուր տիպի 3 տուն-ինտերնատ (ծերանոց)` Երեւանի Նորքի (Ա.Արմենակյան 197ա), թիվ 1 (Հաղթանակի 2-րդ փող., 45), Գյումրու տարեցների եւ հաշմանդամների (Երեւանյան խճ.18), եւ 4 ոչ պետական տուն-ինտերնատ` 2-ը Վանաձորում, մեկական՝ Աբովյանում եւ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում:
Տուն-ինտերնատներում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած անձանց:
Քաղ. Կ.Գասպարյանին կարող ենք ուղեգրել Երեւան քաղաքի տուն-ինտերնատներից որեւէ մեկը, որտեղ ընդունվելու համար նա պետք է դիմի փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային բաժին: Անհրաժեշտ ձեւերը լրացվելուց հետո քաղաքացին այդ փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն հաշվառման եւ ապա տուն-ինտերնատում տեղավորման համար: Բնակարանի առկայությունը տուն-ինտերնատ ընդունվելու համար խոչընդոտ չէ:
Տուն-ինտերնատում խնամվողները ստանում են իրենց կենսաթոշակի ապահովագրական մասը:
նախարարության հասարակայնության
հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տուն-ինտերնատները հրաշալի պայմաններով ներկայացնի, միեւնույն է, սեփական տանիքը հաստատ անփոխարինելի է: