Հայաստանում ոտնահարվու՞մ են եզդիների ազգային օրենքները. սպասվում է բողոքի ալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Armlur.am-ը  հայտնել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Ջրաշեն համայանքի 24-ամյա բնակիչ Էդիկ Ազմանյանը, փախցնելով անչափահաս Ն.Ա.-ին, հայտնվել էր ամբաստանյալի աթոռին:

Ազմանյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, ինչը բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Այսօր Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, և Ազմանյանը մնաց կալանքի տակ:

Տեղեկացնենք, որ ինչպես հավաստիացնում էին դատապարտյալի հարազատները, Ազմանյանն անչափահասին փախցրել է վերջինիս կամքով և առանց բռնություն գործադրելու: Սակայն մեզ հետ զրույցում «Եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանն ասաց, որ իր տեղեկություններով անչափահաս աղջիկը բողոքել է ոստիկանությունում` ասելով, թե իր նկատմամբ բռնություն են կիրառել:

«Եթե իրենք կրկին բողոքարկեն որոշումը, ես կդիմեմ նախագահի աշխատակազմին ու կասեմ, որ մեր ազգային օրենքը թույլ է տալիս այդպիսի առևանգումը: Ես ևս մեկ անգամ կհայտնեմ նրանց, որ մեր կարգն ու օրենքն այդպես է: Եթե գործը հասնի միջազգային դատարան, արդեն մեր կողմից կլինի»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Armlur.am-ի հետ զրույցում քիչ առաջ Էդիկի քույրը` Էլմիրա Ազմանյանը, հայտնեց, որ մայրը դատարանի կայացրած վճռից հետո կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Էլմիրայի փոխանցմամբ` թե աղջիկը, թե նրա հարազատները դեմ չեն եղել եղբոր և անչափահաս աղջկա ամուսնությանը և դատարանում հայտարարել են, որ իրենք բողոքներ չունեն, և Էդիկին ազատ արձակելուց անմիջապես հետո երիտասարդներին կամուսնացնեն:

«Ես ուղղակի ապշած եմ: Եղբայրս 4 տարի դատապարտվեց, ոչ մի բողոք չկա, չգիտենք` ի՞նչ անենք: Հիմա մայրս վատացել է,  բերել ենք հիվանդանոց: Պատրաստվում ենք բողոքի ալիք բարձրացնել ողջ ազգով նախագահականի դիմաց»,- ասաց դատապարտյալ Էդիկ Ազմանյանի քույրը:

Տաթև Հարությունյան




Լրահոս