«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կառուցվածքային եւ կադրային փոփոխություններին մենք արդեն իսկ անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ ՕՎԻՐ-ում իրականացված ստուգումների արդյունքում մի քանի հոգի, այդ թվում՝ վարչության պետ Նորիկ Մուրադխանյանն ազատվեցին աշխատանքից: Իսկ հիշյալ վարչության կուրատոր, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ստուգումների արդյունքում հայտնաբերված աղաղակող խախտումների պատճառով բավական լուրջ խնդիրների առաջ է կանգնել:
Նմանատիպ լուրջ ստուգումներ եւ բացահայտումներ այս վարչությունում բավական ժամանակ չէին անցկացվել, քանի որ այն վստահված էր հենց Օսիկյանին, որը վայելում էր ոստիկանության ղեկավարության եւ երկրի բարձրագույն իշխանության վստահությունը: Օսիկյանն էլ վարչությունը համալրել էր իր սիրելի կադրերով, ովքեր տարիներ ի վեր անարգել ապօրինություններով են զբաղված եղել:
Ոլորտին տեղյակ մարդկանց կարծիքով՝ ՕՎԻՐ-ում խնդիրները, խախտումներն ու կոռուպցիան բույն էին դրել հենց «լյուբիմչիկների» պատճառով, որոնց ձեռքը բռնելը դժվար էր: Օսիկյանի սիրելիներից է, օրինակ, անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը, որը վերջին փոփոխություններից հետո, այնուամենայնիվ, շարունակում է աշխատել: Նրան, չգիտես ինչպես, հաջողվել է 3 տարվա մեջ դառնալ փոխգնդապետ՝ զբաղեցնելու համար այն պաշտոնը, որը զբաղեցնում է ներկայումս»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում