Ազգային ժողովում շարունակում են քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջինը հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նախ նշեց, թե արդար կլիներ, որ այստեղ լինեին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ ևս: «Ցանկացած գրագետ կառավարիչ պետք է կանխատեսի իր քայլերը և բացարձակապես անթույլատրելի է, որ ոչ ճիշտ կառավարման արդյունքում այդ վնասները պետք է փոխհատուցի սովորական քաղաքացին», – նշեց նա՝ հավելելով, որ դա ապաշնորհ քաղաքականության արդյունքն է:
Նա Նազարյանին կոչ արեց հիշեցնել, թե ինչքանով են վաճառվել էլ. ցանցերը, ինչ խոստումներ են տրվել և որքանով են կատարվել: «Այն մարդիկ, որ ասում են 0 տոկոս շահութաբերություն ունեն, ոնց են աշխառում, մազոխի՞ստ են: Վատ մենեջմենթն է պատճառը, որ այսպիսի իրավիճակ է», – հայտարարեց նա:
Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ վաճառքը տեղի է ունեցել 2012թ.-ին` 40 մլն դոլարին համարժեք դրամով: «Վաճառվելուց հետո մինչև 2006թ. ներդրում չի եղել, 2007-ին տեղի ունեցավ սեփականատիրոջ փոփոխություն: Այս թվականից հետո ներդրումներ եղան 80 մլրդ դրամի: Ներդրումների հիմնական մասը նպատակաուղղված է եղել հուսալի էլեկտրաէներգիա ապահովելու համար», – մանրամասնեց նա:
Նազարյանի խոսքով` այստեղ վատ մենեջմենթի մասին խոսք լինել չի կարող, այլ առաջացած վնասն է պատճառը: «Հայաստանի ատոմակայանը 0 տոկոս շահութաբերություն ունի և 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություն է: Երևանի ՋԷԿ-ը նույնպես 0 տոկոս շահութաբերություն ունի, այստեղ հետգնման մեխանիզմ ունենալը տրամաբանության մեջ չէ: Մենք ունենք «Որոտանի կասկադ», այստեղ նույնպես ունենք 0 տոկոս շահութաբերություն, քանի որ կրկին պետական բաժնեմաս ունեցող ընկերություն է», – հայտարարեց Նազարյանը: