Տեւական լռությունից հետո նախօրեին ասուլիս էր հրավիրել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Պարոն Բաղդասարյանը, ինչպես եւ սպասվում էր, անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, կոալիցիոն վերջին համաձայնագրին, ՀԱԿ-ի հետ 2008-ին չհամագործակցելու դրդապատճառներին, անգամ այնպիսի կարեւորագույն հարցի, ինչպիսին Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ական դառնալն է: Անշուշտ, միանգամայն բնական է, որ նախընտրական շրջանում հրավիրած իր ասուլիսում ՕԵԿ առաջնորդն անդրադառնում է ներկուսակցական ու ներքաղաքական հարցերի: Խնդիրն այն է, սակայն, որ Արթուր Բաղդասարյանը ոչ միայն ՕԵԿ ղեկավարն է, այլեւ մի ամբողջ երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Հետեւաբար, բավական տարօրինակ է այն փաստը, որ ԱԱԽ քարտուղարն իր ասուլիսի ընթացքում չի անդրադառնում Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներին: Իսկ այդպիսիք ներկա փուլում ավելի քան շատ են: Հենց միայն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն այնպիսի վտանգներ է պարունակում մեր երկրի համար, որ եթե Աստված մի արասցե, խնդիրն էլ ավելի սրվի ու հարցը հասնի ռազմական միջոցների կիրառմանը, Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդն իր քարտուղարով հանդերձ ստիպված կլինի գործ ունենալ ոչ թե քաղաքական դիակների հետ, այլ իրական` միս ու արյունից: Եթե անգամ հարցն այդ աստիճան չսրվի էլ, ամեն դեպքում առկա է իրանահայ մեր ազգակիցներից բաղկացած մի քանի հարյուր հազարանոց խմբերին ընդունելու հարցը: Սիրիայից դեպի Հայաստան փախստականների հոսքի մասին դեռ չենք խոսում: Չենք խոսում նաեւ աղետալի տեմպերով շարունակվող արտագաղթի մասին: Տակավին 2 օր առաջ հրապարակված ցուցանիշներով, միայն անցած հունվար ամսվա ընթացքում Հայաստանից հեռացողների թիվը մոտ 7 հազարով ավելի է եղել, քան եկողներինը: Սրանք խնդիրներ են, որոնք շատ ավելի մեծ ու լուրջ մտահոգության առարկա պետք է լինեին ԱԱԽ քարտուղարի համար, սակայն ինչպես ցույց տվեց նշված ասուլիսում Արթուր Բաղդասարյանի կողմից շոշափված հարցերի տիրույթը, այս փուլում Բաղդասարյանին երկրի ազգային անվտանգությունը քիչ է հուզում: Ավելի կարեւոր են սեփական նեղկուսակցական ամբիցիաների ու անկում ապրած հեղինակության «ռեաբիլիտացիային» ուղղված ճառերը` ոչ վաղ անցյալի բոլորին հայտնի իրադարձությունների վերախմբագրմամբ:
Նկատենք, որ բավական հետաքրքիր էր նաեւ լրագրողների տված հարցերի շրջանակը: Փաստորեն, մեր գործընկերներին առանձնապես չէր հետաքրքրում Արթուր Բաղդասարյանի կարծիքը Իրանի եւ այդ համատեքստում մեր երկրին սպառնացող մարտահրավերների մասին: Սա ավելի քան խոսուն ցուցիչ է Բաղդասարյանի` Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղարի պաշտոնում կատարած աշխատանքի եւ ունեցած հեղինակության մասին:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ