Բրազիլիայում ԱԱ-2014-ի խմբային փուլի շրջանակներում Գերմանիա – Պորտուգալիա խաղի ժամանակ տրիբունաներից մեկում հայտնվել է «Ղրիմը Ուկրաինա է» պաստառը: Այս մասին Twitter-ում հայտնել է «Р-Спорт» գործակալության գլխավոր խմբագիր Վասիլի Կոնանովը:
Պաստառը տեղակայված է եղել այն տրիբունայում, ուր խաղին են հետևել տարբեր թիմերի երկրպագուներ: Գրառումն արված է եղել անգլերեն լեզվով: Մարզադաշտի անվտանգության ծառայությունը պաստառը վերացրել է նրա հայտնվելուց մոտ 20 րոպե անց:
Հիշեցնենք, որ սա Աշխարհի առաջնությունը քաղաքական նպատակներով օգտագործելու առաջին դեպքը չէ: Օրեր առաջ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվել էին Ֆոլկլենդյան կղզիներն Արգենտինային պատկանելու մասին հայտնող պաստառի հետ մեկտեղ, ինչն առաջացրել էր ՖԻՖԱ-ի դժգոհությունը:
Նշենք, որ այս կղզիների պատկանելությունը վիճարկվում է Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև: