ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԸ` ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակեղծիքներն իրականացվում են պետական մակարդակով: Եթե նախկինում իշխանությունները փորձում էին իրենց համար ձայներ ապահովել լցոնումներով, քվեատուփ գողանալով, ընդդիմադիր թեկնածուին քվեարկած ձայներն իրենց թեկնածուի անվան տակ դնելով եւ այլն` իրենց վերարտադրման «սուրբ գործը» վերապահելով քրեական թափթփուկներին, ապա հիմա ընտրակեղծիքի մեխանիզմը բավական կատարելագործվել է եւ իրականացվում է պետական ապարատի միջոցով` վարչական ռեսուրսով:
Դա առաջին հայացքից աննկատելի է, հատկապես միջազգային դիտորդների համար` անտեսանելի եւ անհասկանալի: Պատահական չէր, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները բարձրաձայնեցին Հրազդանում ընտրացուցակներում 3000 անունի ավելացման մասին (նախնական ընտրացուցակներում 4000-ն էր, հետո նվազեց): Եթե 2008թ. Հրազդանի ՏԻՄ ընտրություններում ընտրացուցակներում ընդգրկված էր 41 հազար հոգի, ապա 2012թ. ընտրողների թիվն այդ քաղաքում հասել է 44 հազարի:
Փորձենք հասկանալ, թե այս 4 տարիների ընթացքում ինչի հաշվին է 3 հազարով ավելացել Հրազդանի ընտրողների թիվը: Ընդ որում, խոսքը Հայաստանի ոչ մեծ քաղաքներից մեկի մասին է: Ընտրողների թիվը կարող է ավելանալ առաջին հերթին 18 տարին լրացած անձանց հաշվին: Բացի այդ, Հրազդանում ընտրողների թիվը կարող է ավելանալ այլ քաղաքներից Հրազդան ամուսնացած ու իրենց գրանցման վայրը փոխածների կամ պարզապես Հրազդանում բնակության եկածների հաշվին:
Վերջին չորս տարիների ընթացքում լրացել է 1991-1994թթ. ծնվածների 18 տարին: Այսինքն` ընտրացուցակները պետք է որ ավելացած լինեին հենց այդ պատանիների շնորհիվ: Մինչդեռ այդ ժամանակ ծնելիության մակարդակը ողջ Հայաստանում կտրուկ նվազել էր: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 1991թ. ծնվել է 77 հազար 825 մարդ, 1992թ.` 70 հազար 581, 1993թ.` 59 հազար 41, 1994թ.` 51 հազար 143 հոգի: Կոնկրետ Կոտայքի մարզում այդ տարիներին ծնունդների թիվը միջինը կազմել է 2,5-3 հազար մարդ: Մյուս կողմից, այստեղ մահացությունների թիվը կազմում է տարեկան միջինը 2 հազար հոգի: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե Հրազդան քաղաքի, այլ ամբողջ Կոտայքի մարզի մասին է: Այսինքն` բուն Հրազդանում այս թվերը շատ ավելի փոքր են: Եւ տեղայնացնելու դեպքում կտեսնենք, որ 4 տարվա ընթացքում Հրազդանում ընտրողների թիվը ոչ մի կերպ չէր կարող ավելանալ 3000-ով: Ընդ որում, այս վիճակագրությունը փաստում ենք` չհաշված վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածների թիվը:
Հիշեցնենք, որ միայն պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը տարեկան կազմում է նվազագույնը 25-30 հազար հոգի: Այսինքն` մոտավորապես այդքան մարդ է հեռանում երկրից, որոնց մի մասն էլ փոխում է քաղաքացիությունը` դառնալով այլ երկրի քաղաքացի: Բնակչության թվի նվազման մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ տարեցտարի խնդիրներ են առաջ գալիս` զորակոչի թվի հետ կապված: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հնարավոր է այլ տեղերից ամուսնանան Հրազդան  եւ բնակության հաստատվելով այնտեղ` փոխեն իրենց գրանցման հասցեն, ապա դա եւս չի կարող լուրջ ընկալվել: Չորս տարիների ընթացքում Հրազդանում դժվար թե 3000 հոգի միանգամից ամուսնանար երեւանցու, գյումրեցու կամ սիսիանցու հետ: Առավել եւս, որ տեղի բնակչությունն աչքի է ընկնում պահպանողականությամբ:  
Այնպես որ, լավագույն դեպքում ամենաուռճացված տվյալներով` Հրազդանում ընտրողների թիվը չորս տարվա մեջ կարող էր ավելանալ ընդամենը 1000-ով, բայց ոչ երբեք 3000-ով: Ուրեմն ստացվում է, որ ճիշտ են ընդդիմության պնդումները` ընտրացուցակներում կեղծ ընտրողների տվյալներ են գրանցված, որոնք քվեարկում են իշխանության թելադրանքով` նրանց համար ապահովելով անհրաժեշտ ձայներ:
Երեկ փորձեցինք այս հարցի մեկնաբանությունն ստանալ անձամբ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից, որը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցին:
Փոխարենը ՀՀՇ վարչության անդամ, քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Արամ Բարեղամյանն այս թվերի տարբերության վերաբերյալ հեգնեց. «Ամբողջ Հայաստանից մարդիկ դուրս են գալիս, իսկ Հրազդանում բնակչության թիվն «ավելանում է»: Պարզ չէ՞, որ Հրազդանում Փարիզ են կառուցում, դրախտավայր, որտեղ գալիս են ապրելու Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ»: Արամ Բարեղամյանը նշեց, որ իշխանության` իր համար ձայներ ապահովելու միակ տարբերակն ընտրողների ցուցակներն արհեստականորեն ավելացնելն է: «Միակ տարբերակը մնում է սա, ուրիշ ոչինչ չեն կարող անել»,-նշեց Բարեղամյանը:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. Հրազդանի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ աշխատանքից ազատվել են ոստիկանության Հրազդանի անձնագրային բաժնի պետը եւ մեկ աշխատակից: Թե ինչու, մնում է միայն ենթադրել:
Իսկ ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ Սասուն Միքայելյանը թեեւ պարտվեց 1500 ձայնով, սակայն միաժամանակ նա միայնակ հաղթեց ողջ պետությանը: Ինչո՞ւ, որովհետեւ Հրազդանի ընտրություններում գրանցվել է պետական հանցագործություն, որը պետք է բա-ցա-հայտ-վի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս