ԲՀԿ-ԱԿԱՆ ՎԱՐԴԱՆԸ
Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնապես դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Երկու օր առաջ Օսկանյանը ԲՀԿ-ին անդամագրվելու հայտարարություն էր ներկայացրել, իսկ երեկ այդ հարցը կուսակցության հրավիրած նիստում դրական պատասխանի է արժանացել: Բացի այդ, որոշվել է ԲՀԿ-ի արտահերթ համագումար անցկացնել: Այն տեղի կունենա մարտի 17-ին Մարզահամերգային համալիրում:
ԷԼԻ ԿՐԱԿՈՑՆԵՐ
Փետրվարի 15-ի երեկոյան կրակոցներ են հնչել Արարատի մարզի Գետազատ գյուղում: Մի խումբ երիտասարդներ վիճաբանության են բռնվել, ինչն ավարտվել է կրակոցներով: NEWS.am-ի տեղեկություններով` վիճաբանությունը ծագել է առաջիկայում այդ գյուղում տեղի ունենալիք գյուղապետի ընտրությունների հետ կապված: Ոստիկանության տվյալներով` տուժողներ չկան, վիճաբանող կողմերից մեկն ընդամենը օդ է կրակել:
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՆ
Արդեն 7 օր շարունակ ակտիվիստ բնապահպանները շարունակում են Մաշտոցի պուրակի փրկության շուրջօրյա ակցիան` թույլ չտալով, որ Աբովյան փողոցից այստեղ տեղափոխված էլիտար կրպակները տեղադրվեն այգում: Ակտիվիստները նշում են, որ տարածքը հանրային օգտագործման գոտի է, եւ թույլ չեն տա այն սեփականություն դարձնել: Բնապահպանների ակցիային հետեւում են մի խումբ ոստիկաններ, որոնք պահպանում են հասարակական կարգը, որպեսզի ակտիվիստների ու շինկազմակերպության աշխատակիցների միջեւ բախումներ չլինեն:
ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ
Փետրվարի 12-ին` Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը, համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ ինչ-որ անձինք, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող ՀՀԿ գրասենյակում նստած, հարբում են եւ նկատելով իրենց նկարահանող տեսախցիկը` խուլիգանական հայհոյանքներ են տեղում` բռնություն կիրառելով նկարահանող հավանաբար լրագրողի նկատմամբ: Այս առիթով Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տեսանյութում երեւացող հայհոյանքներ տվողները քաղաքապետ Արամ Դանիելյանի մտերիմ-բարեկամներն են:
ԳԱՅԼԱՍՊԱՆԴ
Կառավարությունը գայլերի ակտիվության դեմն առնելու համար որոշել է թույլատրել 200 գայլի որս: Գայլերի թույլատրելի որսը կտեւի մինչեւ ապրիլ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, որ հանրապետությունում այժմ կա մոտ 600 գայլ. «Մեր հաշվարկները ցույց են տվել, որ գայլերն արագ զարգացող են, հետեւաբար 200 գայլի որսը խնդիր չէ»: Որսորդները 100.000 դրամ կստանան գայլերին որսալու դեպքում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
«Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որը մշակելու է ընդհանուր ծրագիր` համատեղ դաշինքով հանդես գալու համար:
ԿՐԿԻՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր, «Հայէկոնոմբանկ»-ի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, արձագանքելով շրջանառվող լուրերին, թե առաջիկա ընտրություններում Խաչատուրի փոխարեն ՀԱԿ-ի համամասնական ցուցակում կընդգրկվի ինքը, «Առավոտ»-ին ասել է. «Ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ եւ պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»: Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի առաջադրմանը, նշել է. «Խաչատուրը քաղաքական գործիչ է, լավ փորձագետ, լավ օրենսդիր ու խորհրդարանական: Եւ կարծում եմ` նա մեծամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին»: