ՍԴՀԿ-ում կրքերը կրկին թեժացել են: ՍԴՀԿ-ից հեռացված, այնուհետեւ նոր հիմնադրված «Հնչակյան» կուսակցության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը դիմել է պետական ռեգիստր՝ իրեն ՍԴՀԿ ատենապետ ճանաչելու համար: Նա ներկայացրել է, որ այս տարվա հունվարի 28-ին տեղի ունեցած համագումարում ինքն է ընտրվել ատենապետ, եւ պետական ռեգիստրն էլ նրան է գրանցել որպես ՍԴՀԿ ղեկավար: Երեկ արդեն նամակով դիմել է ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին՝ պահանջելով հանձնել կուսակցության գույքը: Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ կատարվել է ապօրինություն, եւ որ սա քաղաքական պատվեր է: «Առանց փաստաթղթերի, առանց կուսակցության վկայականը ներկայացնելու Պերկուպերկյանին են գրանցել: Ընդ որում, այդ համագումարի մասին ոչ մի հայտարարություն չի եղել մամուլում, ինչպես պահանջում է կուսակցությունների մասին օրենքը: Ավելին՝ պետական ռեգիստրում որպես կուսակցության ատենապետ գրանցվելու համար նա պետք է կուսակցության վկայականը ներկայացներ՝ ներդիրով, ինչը չի արել: Առավել եւս, որ նա այլ կուսակցության ղեկավար էր»,-ասաց Սարգսյանը: Նա արդեն դիմել է արդարադատության նախարարություն՝ տեղեկացնելով կեղծիքի մասին: «Սա նույնն է, երբ ինչ-որ մեկը դիմի պետռեգիստր ու ասի, որ ՀՀԿ-ն համագումար է արել, եւ Սերժ Սարգսյանի փոխարեն արդեն ինքն է կուսակցության ղեկավարը՝ ցույց տալով ինչ-որ թղթեր»,-ասաց Սարգսյանը:
ԱՏԵՆԱՊԵՏ` ԴԱՏԱՐԱՆՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ