Թվում էր, որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանի դատավարությունը բավականին հետաքրքիր ընթացք պետք է ունենա, սակայն մինչ այս որեւէ արտառոց բան չի գրանցվել: Միայն հայտնի է, որ նախկինում Օհանյանի դեմ ցուցմունք չտված նրա երբեմնի ենթակաները լավ էլ «երգել» ու շարունակում են երգել: Ինքը` Մարգար Օհանյանը խոստացավ խոսել հաջորդ դատական նիստին:
Իսկ մինչ այդ, փորձենք հասկանալ, թե ինչ է «Մարգարի գործը», ինչպես բացահայտվեց, եւ ինչու են բոլոր կողմերը մի տեսակ կաշկանդված: Միանգամից ասենք, որ այն, ինչ քննվում է դատարանում, ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցած եւ ունեցող հանցագործությունների միայն մի մասն է: Իսկ կոնկրետ «բենզինի» մեղադրանքը ավելի քան ծիծաղելի է, քանի որ այդ մեղադրանքով կարելի է Հայաստանում ցանկացած պահի ցանկացած մակարդակի չինովնիկի կալանավորել: Դատարանում քննվում են ընդամենը երկու պաշտոնյաների չստացված ֆինանսական ռազբորկայի իրավական մանրուքները:
Իսկ ինչպե՞ս բացահայտվեց այդ գործը: Մինչ այդ հիշեցնենք, որ Մարգար Օհանյանն ու ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շատ մտերիմ ընկերներ էին: Նրանք բացառապես միմյանց հետ էին ընդմիջում անում եւ մշտապես ընտանեկան խնջույքներ էին կազմակերպում: Նաեւ ունեն բազմաթիվ ընդհանուր բիզնեսներ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Քննական եւ հաշվառման կայանի (ՄՌՕ) պետ Արթուր Մարգարյանը մի օր Ալիկ Սարգսյանի մոտ դժգոհում է (նա Սարգսյանի մտերմագույն անձնավորությունն է), որ ինքը նոր տուն է կառուցում, բայց Մարգար Օհանյանը «պլանները բարձրացրել է», ինչի հետեւանքով դժվարացել է իր տան շինարարության աշխատանքների ընթացքը. խոսքը ձախ ճանապարհով ոստիկանություն մտնող գումարների մասին է: Ալիկ Սարգսյանը տարակուսում է, քանի որ ինքը նման հրահանգ չի տվել Օհանյանին: Հենց հաջորդ օրը իր մոտ է կանչում Օհանյանին` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչու է իր սիրելի Արթուր Մարգարյանը դժգոհում իր նույնքան սիրելի Մարգար Օհանյանից: Այստեղ պարզվում է, որ Մարգար Օհանյանը առանց Սարգսյանի գիտության որոշել է ավել գումար աշխատել եւ ոչ մի կերպ չի ցանկանում խոստովանել, ինչը գործող ռեժիմի համար աններելի է: Հայաստանում կարելի է ցանկացած սրիկայություն թույլ տալ եւ ներում ստանալ, եթե նախապես «շեֆությանը» տեղյակ ես պահել դրա մասին:
Այսպիսով՝ Ալիկ Սարգսյանը, կարծելով, որ ՀՀ ոստիկանությունն իր բոստանն է, հրահանգում է ներքին ծառայողական քննություն անցկացնել` պարզելու, թե ինչ գումարներ են շրջանառվում: Երբ տեսնում է, որ Մարգար Օհանյանն առանձնապես վատ չի զգում եւ չի ընկճվում ու առավել եւս չի խոստովանում, բարկանում է եւ որոշում ավելի լրջացնել հարցը: Հանձնարարում է իրեն հավատարիմ համարվող Գագիկ Ավետիսյանին (ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետ), որպեսզի նա պարզի եղելությունը: Եւ ահա այս «մի կաթիլ մեղրի» պատմությունն ընկնում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ականջը: Նա, ունենալով իր հատուկ վերաբերմունքը Ալիկ Սարգսյանի նկատմամբ, անմիջապես գործի է անցնում:
Մեզ հասած լուրերով՝ Աղվան Հովսեփյանը հրահանգում է խիստ վերահսկողություն սահմանել գործի նկատմամբ ու իր մոտ հայտնված բոլոր փաստերը մանրամասնորեն զեկուցում է Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ հրահանգում է օբյեկտիվ քննություն տանել: Ու հենց սրա համար էր Ալիկ Սարգսյանը վերջերս հայտարարեց, թե «եթե ես իմանայի՝ ամեն ինչ այսպես կգնար, ես ընթացք չէի տա գործին»: Այսինքն` երկու ընկեր-գործընկերների նեղ ֆինանսական հաշիվները Ալիկ Սարգսյանի վրա ծանր նստեցին. մտերիմ ընկերոջ եւ ոստիկանապետի աթոռի կորուստ: Բացի այդ, վտանգված է Վրաստանի ծովափին ունեցած հյուրանոցային համալիրի, ընդհանուր երկաթի գործի եւ մյուս բիզնեսների ապագան:
Սա է պատճառը, որ Մարգար Օհանյանը մինչ օրս Ալիկ Սարգսյանի «վրա» լուրջ ցուցմունքներ չի գրել: Նա դեռ կարծում էր, որ Ալիկ Սարգսյանն իր հարցերը կլուծի: Բայց տեսնելով, որ միանձնյա է պատժվում, չի բացառվում, որ խոսի ու պատմի ամեն ինչ` իր հետ տանելով նաեւ սիրելի Սերգեյիչին:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի 22 հատորանոց գործին, ապա այն եւս բավականին անհետաքրքիր է լինելու: Հովհաննես Թամամյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Թամամը լինելով գործող ռեժիմի հենասյուներից մեկը, լավ գիտի, թե ինչպես պետք է պահեն իրենց մարդիկ, ովքեր ինչ-որ տեղ խախտել են խաղի կանոնները (այս գործի մասին` առաջիկայում):
Եւ այսպես, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, երեկ սկսվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, նույն վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վահան Խանզադյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի օպերատիվ պետի տեղակալ Արմեն Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այդ ընթացքում պարզվեց, որ Թամամյանը ոչ միայն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» է պարգեւատրվել, այլ «Նանսենի» հիմնադրամի կողմից տրված ոսկյա հուշամեդալ ունի` որպես մարդասերի:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ կարող է ասել իր կարգավիճակի ու ընդհանրապես իր գործի մասին, Թամամյանը պատասխանեց, «Մինչեւ վերջ էլ ոչ մի բան չունեմ ասելու»:
Դատական նիստը նշանակվեց մարտի 6-ին: