«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ԽԱԲՈՒՄ Է ԻՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել քաղաքացի Լեւոն Բաբուրյանը` իր հետ բերելով «Յունիբանկ» ՓԲ ընկերության գործունեությունից տուժած քաղաքացիների անունից գրված մի հայտարարություն:
Ըստ հայտարարության տեքստի` ««Յունիբանկ» ՓԲԸ-ն 2008-ից սկսված տնտեսական ճգնաժամից հետո հրավիրել է իր հաճախորդներին եւ մեծամասամբ խաբեության միջոցով ՀՀ դրամով տրված վարկը վեր է ածել ԱՄՆ դոլարի, որի արդյունքում ապօրինի ստացել է մոտ 20 տոկոս շահույթ: Փոխարենը բանկի հաճախորդները կրել են նույնչափ վնաս, որը դոլարի շարունակական արժեւորման հետ օրեցօր մեծանում է»: Բանկի առաջարկած պայմաններին ճարահատյալ համաձայնած հաճախորդներն ընկել են ծանր կացության մեջ, նրանք ի վիճակի չեն վճարել թալանի աստիճանի հասած տոկոսադրույքները:
Երբ մարդիկ սկսել են դժգոհել, պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու նպատակով բանկ են հրավիրվել բազմաթիվ հաճախորդներ, որոնց «Յունիբանկ»-ը «լավություն» է արել. մեկ-երկու տոկոսով իջեցնելով տոկոսադրույքները` կրկին վերաձեւակերպել է պայմանագրերը: Ըստ բողոքող կողմի` կատարվել է հանցանք ՀՀ քր. օր.-ի 184-րդ (գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով) հոդվածով: Եւ եթե նրանց մեղքը հիմնավորվի, ապա բանկը պարտավոր է վճարել տուգանք, որն ուղղակիորեն կարող է գերազանցել տրամադրված վարկի գումարի չափը:
«Յունիբանկ»-ից տուժել է նաեւ «Բաբուրյան» ՍՊ ընկերությունը, որի տնօրեն Լեւոն Բաբուրյանը պնդում է, որ իրենք չեն կարող քաղաքացիաիրավական դաշտում իրենց շահերը պաշտպանել, քանի որ հարցի մեջ խորանալու ցանկացած փորձին բանկի ներկայացուցիչները պատասխանում են, որ դա առեւտրային գաղտնիք է` այդպիսով խուսափելով պատասխանատվությունից:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «Յունիբանկ» ՓԲԸ-ին, որտեղից պատասխանեցին. «Համաձայն «Յունիբանկ» ՓԲԸ-ի Վարկային պայմանագրի 6.2. կետի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրում ցանկացած ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կողմերի ստորագրման պահից կհամարվեն սույն պայմանագրի անբաժանելի մասը: Հետեւաբար վարկի արժույթի փոփոխումը արտարժույթի եւ դրա վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կնքումը համապատասխանում է հաճախորդի Վարկային պայմանագրի դրույթներին եւ ՀՀ օրենսդրության պահանջներին»:
Դե իհարկե, գլխավորը բանկի համար քաղաքացու ստորագրությունն է, որից հետո նրանց «լեզուն կարող է անվերջ երկարել»: Իսկ թե ինչ պայմաններում են մարդիկ ստորագրում պայմանագիրը, եւ բանկային ինչ աճպարարություններով է կատարվում գործընթացը, դա կարեւոր չէ: Գլխավորը «բարաթն» է:

ՄԱՆՈՒՇԱԿ ԹԱՎՐԻԶՅԱՆ




Լրահոս