Եթե էլեկտրաէներգիան անգամ 14 դրամով էլ թանկանա, միևնույն է, որևէ բան չի փոխվի, քանի որ շարունակելու են գործել ոչ թափանցիկ ներդրումային ծրագրերը: Այս մասին այսօր «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Անկեղծորեն կարելի է զարմանալ, որ բնական մենաշնորհը մոտ է իրական սնանկացման. աշխարհում նման բան լինում է, բայց դա շատ հազվագյուտ երևույթ է», – ընդգծեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` էկետրաէներգիայի սակագնի թանկացումն իր հետ մի քանի վատ հետևանք կբերի. «Արդյունքում՝ հայկական ապրանքների մրցունակությունն ընկնելու է, էլ չեմ խոսում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազման մասին»:
Մելքումյանը տեղեկացրեց, որ ինքը նաև հաշվարկ է ներկայացրել՝ ապացուցելով, որ պետությունը շահագրգռված է այս թանկացման հարցում. այդպիսով 14,4 մլն դրամով ԱԱՀ-ի լրացուցիչ մուտք կապահովվի պետբյուջե։
Նա անընդունելի է համարում էներգիա արտադրող ընկերությունների ռիսկերը և ճեղքվածքները բնակչության վրա բարդելը։
«Եվ սա, համոզված եմ, վերջին թանկացումը չէ»,–եզրափակեց պատգամավորը: