Երբ վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացնում էր իր կառավարությունը, նշեց, որ հավաքվել է արհեստավարժների թիմ, իսկ մեկն էլ «գերազանցիկների» կառավարություն բնորոշումը տվեց` հավանաբար առաջին հերթին նկատի ունենալով Դավիթ Հարությունյանին, ով հասցրել էր, «թռիչքային» ցուցանիշներ դրսեւորելով, դառնալ Պոլիտեխնիկական ինստիտուտի ամենապատանի ուսանողը:
Շատերը պատանուն գիտնականի մեծ ապագա էին խոստանում, Պոլիտեխնիկի դասախոսներից մեկն էլ ամբիոնի նիստի ժամանակ հայտարարել էր, որ աճում է ապագա Սերգեյ Մերգելյանը: Սակայն Դավիթ Հարությունյանի «աճը» կանգ առավ ինստիտուտն ավարտելուց հետո, երբ ընդամենը դառնալով տեխնիկական գիտությունների թեկնածու` նա հրաժեշտ տվեց գիտությանը: Պարզվեց, որ ոչ թե բնատուր տաղանդն ու բացառիկությունն էին նրա «ֆենոմենը», այլ ընդամենը լավ վարժանքները, որոնք տանն անցկացրել էր նրա դասախոս հայրը:
Գիտության թեկնածուն հայտնվեց թռիչքային դպրոցի տնօրենի պաշտոնում: Այստեղ էլ, թվում էր, թե մեր կրթության ասպարեզում հեղափոխություն էր լինելու, թե պատանի տաղանդն աճեցնելու էր նույնքան տաղանդավոր պատանիներ ու աղջիկներ: Շատ ծնողներ շտապեցին իրենց երեխաներին բերել Դավիթ Հարությունյանի դպրոց: Սակայն սկսեցին շրջանառվել խոսակցություններ կոռուպցիոն դրսեւորումների մասին, ասում էին, որ դպրոց ընդունվելու համար համապատասխան սակագներ են սահմանվել… Իհարկե, ոչ ոք չէր կարող ապացուցել ասվածը, սակայն խոսակցությունները չէին պակասում:
Դավիթ Հարությունյանը շուտով հայտնվեց Ազգային Ժողովում եւ անմիջապես էլ հասկանալի դարձրեց, որ ոչ թե գիտությունը, ոչ թե տաղանդի եզակիությունն են նրան հետաքրքրում, այլ կարիերան, պաշտոնական աստիճաններով արագընթաց վերելքը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանին երիտասարդ կարիերիստներ էին պետք, «բարեփոխիչների» նոր սերունդ, որը կարող էր ծխածածկույթ ձեւավորել, այն երեւութականությունը ստեղծել, թե մեր երկրում սկիզբ են առել բարեփոխումների գործընթացները: Այս «հայեցակարգի» շրջանակներում էլ Դավիթ Հարությունյանը նշանակվեց արդարադատության նախարար:
Ցանկացած երկրում այս պաշտոնին նշանակվում են բազմափորձ, իրավապահ դաշտում մեծ հեղինակություն ունեցող անձինք, իրավաբան-գիտնականներ, մինչդեռ Քոչարյանի նպատակն էր ունենալ ձեռնասուն նախարար, որը կարող էր հրահանգներ ստանալ եւ այդ հրահանգները փոխանցել ենթակառուցվածքներին` այսպես իրականացնելով «արդարադատություն»: Դավիթ Հարությունյանը նախարարությունում հրաշալի «գործակցություն» ձեւավորեց նույնպես երիտասարդ եւ նույնպես «քաջնազարական ֆենոմենի» ազդեցությամբ փոխնախարար կարգված Արեւիկ Պետրոսյանի հետ: Ստացվեց, որ մեր արդարադատության բուրգի վերեւում կանգնեցին երկու չափազանց ամբիցիոզ անձինք, որոնք մեծ օգուտներ չտվեցին արդարադատությանը, սակայն հաստատեցին իրենց «օրենքները»:
Դավիթ Հարությունյանի առաջին կարեւոր ձեռքբերումը կապակցվեց ֆինանսական խնդիրներին: Հրաշալի առիթ ստեղծվեց դատարանակազմության ռեֆորմները կյանքի կոչելու ընթացքում, եւ Դավիթ Հարությունյանը սկսեց «կադրային զտումները»` իբրեւ թե մրցույթների միջոցով համակարգ բերելով յուրայիններին եւ պաշտպանելով բոլոր նրանց, ովքեր կարող էին լռելյայն կատարել իր բոլոր հանձնարարությունները: «Հին գվարդիայից» Հարությունյանը պահպանեց հիմնականում խոցելի, կիսագրագետ մարդկանց, իսկ «նորերից» էլ ընտրեց ենթարկվողներին եւ հպատակվողներին:
Դավիթ Հարությունյանի «աստեղային ժամը» սկիզբ առավ արմենտելյան «իրադարձությունների» ժամանակ: Այս ընկերությունը Հայաստան էր եկել կողոպտելու ու թալանելու, ինչը եւ հրաշալիորեն իրականացնում էր: Ընկերության թիկունքին զորավոր ուժեր էին կանգնած, ովքեր, սակայն, շուտով հասկացան, որ խաբված են: Եւ այնժամ իշխանությունները «մարտադաշտ» ճանապարհեցին Դավիթ Հարությունյանին եւ Անդրանիկ Մանուկյանին: Արդյունքում «շրջափուլերով» ընթացող դատավարությունները կատարյալ բալագանի վերածվեցին, անամոթ առեւտրի: Երկու նախարարները բարձրացնում էին «դրույքները», «Արմենտել»-ը «բավարարում» էր նրանց պահանջները: Հետո չբավարարվելով արդեն «ձեռք բերվածով»` Դավիթ Հարությունյանն անցնում էր նոր հարձակման: Ըստ որոշ տեղեկությունների` «Արմենտել»-ի սեփականատերերը 30 միլիոն դոլարից ավելի կաշառք են տվել` իրենց խարդախությունները պարտակելու համար: Մենք գիտենք, որ Դավիթ Հարությունյանը «շատ անբասիր» անձնավորություն է, որ նա չէր կարող կաշառք վերցնել, սակայն գիտենք, որ «արմենտելյան էպոպեայից» հետո արդարադատության նախարարն անսպասելիորեն հարստացավ, Երեւանում նրա բնակարանների թիվն անցավ չորսից, իրենց վիճակը շեշտակիորեն բարելավեցին նաեւ Դավիթ Հարությունյանի հարազատներից ոմանք: Դավիթ Հարությունյանը դարձավ նաեւ «Գլենդել Հիլզ»-ի բաժնետերերից մեկը՝ այդպիսով իր մասնակցությունը բերելով էլիտար շինարարությանը: Էլ չասած, որ նրա եղբորը պատկանող գրասենյակն էր տնօրինում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների տների գնահատման գործընթացը` այդտեղից բխող «կլորիկ հետեւանքներով»:
Արդարադատություն իրականացնող մարդը, Սահմանադրության երաշխավորներից մեկը, դարձավ երկրի մեծահարուստներից մեկն ու պետական պաշտոնը սկսեց համատեղել ակտիվ բիզնեսի հետ: Սերժ Սարգսյանը Դավիթ Հարությունյանին տեղափոխեց Ազգային Ժողով, որովհետեւ չէր բացառվում, որ կարող էր պայթել արմենտելյան գործարքը: Խորհրդարանում դառնալով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ գլխավորելով ստրասբուրգյան պատվիրակությունը` Դավիթ Հարությունյանը հանձն առավ իր վրա դրված «լղոզման» գործառույթը: Նրան հանձնարարվեց նաեւ գլխավորել իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը` կրկին վերջինիս «լղոզելու» ունակությունները հաշվի առնելով:
Ասում են, որ Դավիթ Հարությունյանը դարձյալ տեղ է գրավելու ՀՀԿ համամասնական ցուցակում` չնայած որ հին հանրապետականներն աշխատում են նրա հետ մտերմիկ հարաբերություններ չունենալ, իսկ երիտասարդ հանրապետականներն էլ իրենց հեռու են պահում: Բայց դա չէ կարեւորը. կարեւորն այն է, որ նա առայժմ կարողանում է արդարացնել Սերժ Սարգսյանի սպասելիքները` ղեկավարելով բոլոր «մանիպուլյացիները» եւ միաժամանակ զարկ տալով սեփական բիզնեսին:
«ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՆԱԽԱՐԱՐԻՑ «ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ