Գյումրիում ավարտին են մոտենում կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոցի շինաշխատանքները: Ամեն շաբաթ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այցելում է Գյումրի եւ անձամբ ծանոթանում` ուր են հասել շինարարական աշխատանքները: Հարկ է նշել, սակայն, որ ամեն ինչ հարթ չի ընթանում: Մենք արդեն անդրադարձել էինք այն խնդրին, որ հիվանդանոցը կառուցվել է թերություններով: Օրեր առաջ, երբ Հարություն Քուշկյանը դարձյալ Գյումրիում էր, հայտնաբերելով, որ նոր թերություններ են ի հայտ եկել, շինարարներին շատ կոպիտ հրահանգեց սեղմ ժամկետներում նախագծում փոփոխություններ կատարել, փորձարկման ժամանակ էլ «կանգնել պանելների տակ, որ բլի գլուխներին»:
Չնայած խստաշունչ ձմռանը, հիմա հիվանդանոցը կառուցվում է աննախադեպ տեմպերով: Նախարարի հանձնարարականով` շինհրապարակում տեսախցիկներ են տեղադրվել, եւ շինարարներին զգուշացրել են` «նախարարը Երեւանից ձեզ է հետեւում»: Հետեւաբար, նրանք ստիպված են անգամ ամենաառատ տեղումների ժամանակ չդադարեցնել աշխատանքը: Արդյո՞ք սառնամանիքին նման արագությամբ իրականացվող շինարարությունից կարելի է լավ որակ ակնկալել: Մեր այս հարցին ի պատասխան` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Մենք օգտագործում ենք նյութեր, հատուկ շինարարական մատերիալներ, էն որակի, որոնք որ պետք են ձմեռվա աշխատանքների համար: Օրինակ` ցեմենտի մեջ հատուկ նյութեր են ավելացնում, որ չսառի: Շենքի ներսի աշխատանքներն էլ նորմալ ջերմաստիճանում են իրականացնում»: Փոխնախարարը չկարողացավ կառույցի շահագործման կոնկրետ ժամկետ մատնանշել, սակայն շեշտեց, որ սահմանված ժամկետից շատ չեն ուշանա: Հիշեցնենք, որ սահմանված ժամկետը նախ 2011թ. դեկտեմբերն էր, ապա դարձավ 2012 թվականի ապրիլը, քանի որ նախագծում փոփոխություններ են եղել, եղանակն էլ նպաստավոր չէ: Սակայն հնարավոր է, որ մինչեւ ապրիլ եւս աշխատանքները չավարտվեն:
Հարկ է նշել, որ այս հիվանդանոցի կառուցումը կոնֆլիկտ է առաջացրել մյուս բուժհաստատություններում: Խնդիրն այն է, որ նոր կառույցում են տեղակայվելու արզային հիվանդանոցը, Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական եւ «Սամարիթեր» հիվանդանոցները: Երեք տնօրեններից ո՞վ է ստանձնելու այս նորակառույցի տնօրենի պաշտոնը, արդյո՞ք կադրային կրճատումներն անխուսափելի են լինելու… «Տնօրենի եւ կադրային հարցերը դեռ չենք քննարկել, որովհետեւ ժամանակը չէ: Գուցե մեկ ամիս հետո, երբ ամեն ինչ կհստակեցվի, էն ժամանակ կմտածենք ե՛ւ տնօրենի մասին, ե՛ւ փոխտնօրենի մասին, ե՛ւ անձնակազմի: Բայց հիմնականում, այն անձնակազմերը, որոնք աշխատում են այդ երեք հիվանդանոցում, տեղափոխվելու են այստեղ»,- նշեց առողջապահության նախարարը:
Հավելենք, որ այս հիվանդանոցը կառուցվում է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կնքված վարկային ծրագրով: Կատարվել է շուրջ 11 մլն դոլարի ներդրում:
Գյումրի