ԿԱԹՆԱՌԱՏՑԻՆԵՐԻՆ ՋՐԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձորագետի վերին վտակ Կամենկայի վրա Խորհրդային ժամանակներում կառուցվել է նույնանուն ջրատարը: Այն նախատեսված էր Վանաձորի ծայրամասային  թաղամասերին ջուր մատակարարելու համար, սակայն  ծրագիրը կիսատ մնաց: 2000 թվականին անհատ ձեռներեց Արարատ Անդրեասյանը վարձակալեց կիսակառույցը  եւ ստացավ ջրի օգտագործման թույլտվություն:
Այսօր էլ ջուրն օգտագործում  է Ստեփանավանի տարածաշրջանի Ամրակից գյուղում գտնվող հէկ-ի շահագործման համար: «Ինչքանով ես տեղյակ եմ, իրան 500 լիտր վայրկյանում ջուր է պետք, որ օգտագործի, բայց քանի որ ձմռան ամիսներին գետի ջուրը սակավ է լինում, ուրեմն ինքը ջրից պետք է վերցնի 300 լիտր»,-ասում է Կաթնառատի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանը: Նշենք, որ այսօր 1200 տրամաչափի խողովակաշարից օգտվում է նաեւ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղը: Կառույցի շինարարության  ժամանակ գյուղը սնուցող ջրամատակարարման ցանցն ավերվել է, որի հետեւանքով ձեռներեցը պարտավորվել է համայնքին ջուր տալ, սակայն Կաթնառատում օրերով ջուր չի հոսում: Արդյունքում սառել ու շարքից դուրս են եկել գյուղի ջրամատակարարման խողովակները, ինչի հետեւանքով նաեւ գյուղամիջյան ճանապարհներն են օրեցօր  ավերվում, քանի որ ջրի արտահոսքից սառույցի հաստ շերտ է գոյանում:
Գետի հունն էլ ցամաքել է: «Ա՛յ հրես տեսնում եք` ամբողջն իրենք վերցնում են, գետի հունը ցամաքած ա: Ստեղից տանում, օգտագործում են իրանց հէկ-երի համար: Էսօրվա օրով էս գյուղացիք, որ օգտվում են էս ջրից թե՛ տնտեսական, թե՛ խմելու նպատակով, անջուր են, գյուղում հոսք չի լինում, օրերով կտրվում ա ջուրը»,-գետը մատնացույց անելով` բողոքում է գյուղապետը: Արդեն 11 տարի է` ձմռան ամիսներին Ձորագետի վերին վտակ Կամենկայի ջուրն օրերով անհասանելի է դառնում կաթնառատցիներին` բազմաթիվ խնդիրներ ստեղծելով առանց այն էլ հոգսաշատ բնակիչների համար: Նկատելի է, որ գետի ողջ հոսքը, ամբողջությամբ մտնելով խողովակի մեջ, անմիջապես հեռանում է գյուղից  մոտ 30 կմ: Գյուղապետն ասում է` կառույցը գրանցված չէ, համայնքին հարկ չի մուծվում: Ռուբիկ Ղազարյանն ուղիներ է փնտրում խնդիրն ինչ-որ կերպ լուծելու եւ բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար: Դիմել է նաեւ Լոռու մարզային փրկարարական վարչություն:
Գյուղը շատ բան չի ուզում, վայրկյանում տասը լիտր ջուր, որը հնարավոր է ունենալ կարգավորիչ փականի օգնությամբ: «Ջրօգտագործման թույլտվությունը մենք ձեռք կբերենք,-ասում է գյուղապետը,-բայց միեւնույն է, նույն խողովակից ենք օգտվելու, իսկ հակառակ դեպքում, եթե խողովակից օգտվելուն դեմ են, ուրեմն թող ջուրը գետով հոսի, այս դեպքում գոնե 1.000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքը կարող է անասուններին ջրով ապահովել, որոնց թիվը գյուղում 1.400-ից անց է»: Ռուբիկ Ղազարյանը փորձել է խնդրի լուծման ուղիներ գտնել հենց հէկ-ի ղեկավարության  հետ: «Ինչ-որ կերպ ես փորձել եմ իրենց հետ լեզու գտնել, բայց իրենք ամեն դեպքում մեղավոր են բռնում մեզ, իբր թե մենք ապօրինի ենք էդ ջուրն օգտագործում, ապօրինի միացումներ ենք արել: Իրենք իրավունք ունեն էս ջուրն օգտագործելու, համայնքը չունի՞»,-տարակուսում է գյուղապետը:
Կաթնառատ գյուղի բնակիչ Ռազմիկ Կիրակոսյանը հիշում է, որ գյուղը երբեք ջրի խնդիր չի ունեցել, մինչդեռ այսօր մի խումբ մարդկանց տնտեսական շահի համար չարքաշ կյանքով ապրող գյուղացուն կանգնեցրել են արհեստական խնդրի առաջ. «Էսօրվա օրն ամոթ էլ է, որ մենք կռիվ ենք անում ջրի համար: Ջուրը տանում են մեր քթի տակից: Մի հազար գլուխ անասուն ա ջարդվում: Էս գյուղին գոնե աչքի տակ առնեն: Եթե ընտրությունից ընտրություն ըլնի, կհիշեն էս գյուղը»: Գյուղատնտեսությունը գերակա ոլորտ համարած պետությունից կաթնառատցին մեծ պահանջներ չունի, ընդամենը սեփական տարածքով հոսող գետի ջրից օգտվելու հնարավորություն:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս