ԶԻՆՎՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ ոք չի կարող մխիթարել բանակում զոհված զինվորների ծնողներին, որոնք ամեն հինգշաբթի կանգնում են կառավարության շենքի դիմաց` հուսալով ստանալ իրենց հարցերի պատասխանները:
Արդեն անդրադարձել ենք Գորիսում ծառայած զինվորներից մեկին` Արթուր Գրիգորյանին, ով վաղաժամկետ ազատվել էր ծառայությունից` գլխուղեղի վնասվածք ստանալու պատճառով: Արթուրի մայրը` Լուսյա Անտոնյանը, պատմում է, որ տղան դաժանաբար ծեծի է ենթարկվել նույն զորամասի սպա Դավիթ Հայրապետյանի կողմից: Նախկին զինվորը հիմա երրորդ կարգի հաշմանդամ է եւ բացարձակ անկարող է աշխատել, քանի որ ունի սարսափելի գլխացավեր եւ սրտխառնոցներ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն Արթուրի ծնողներից իմացավ պատահարի մանրամասները: Տիկին Լուսյան պատմում է, որ Արթուրը սպայի կողմից ծեծի է ենթարկվել: Տղան, իրեն վատ զգալով, գնացել է զորամաս, պառկել ընկերոջ անկողնուն, այնուհետեւ վեր կենալով, կորցրել է գիտակցությունը եւ ընկել: Սկզբում Արթուրի ծնողներին տեղեկացրել են, որ նա հարված է ստացել մահճակալից ընկնելու պատճառով, բայց հիվանդանոցում ուշքի գալուն պես Արթուրը պատմել է, որ հարվածը ստացել է Հայրապետյանից: «Դեպքից հետո սպան հեռացվել է աշխատանքից, տասը ամիս անցկացրել ճաղերի հետեւում, բայց հիմա, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, աշխատում է ոստիկանությունում»,-պատմում է տիկին Անտոնյանը: Երկար ժամանակ ծնողները գտնվել են անմխիթար վիճակում, հետագայում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ գործը հանձնարարվել է սոցապ նախարարությանը: Այնտեղից էլ նշանակել են բժշկական փորձաքննություն, որից հետո, ինչպես պատմեց տիկին  Լուսյան, տղային տվել են հաշմանդամության երկրորդ կարգ: Սակայն որոշ ժամանակ անց ծնողների համար անհասկանալի պատճառներով տղայի կարգը փոխել են` տալով երրորդ կարգ եւ նշելով, որ կարգը տալիս են հօգուտ զինվորի (թոշակի տարբերությունը կազմում է 20.000 դրամ): Արթուրի ծնողները դիմել են նաեւ  առողջապահության նախարարություն, որտեղից, սակայն, ըստ տիկին Լուսյայի, զանգահարել են եւ սպառնացել, որ նախարարությանը կրկին դիմելու դեպքում դատի կտան: Հայոց բանակ առողջ զավակ ուղարկած, սակայն հաշմանդամ հետ ստացած ծնողների պահանջը մեկն է. իրենց տղային տալ համապատասխան կարգ եւ թոշակ: Բայց, չգիտես ինչու, մյուս նախարարությունները իրենց պարտականությունը գցում են ՊՆ-ի վրա, որը որեւէ առնչություն չունի խնդրի հետ: Երեկ կառավարության նիստից հետո Արթուրի ծնողները, մոտենալով սոցապ նախարարին, փորձեցին գրավոր դիմում տալ, բայց Արթուր Գրիգորյանը մերժեց դիմումն իր ձեռքով վերցնել եւ խնդրեց այն ուղարկել իրեն համապատասխան կարգով, որից հետո ինքը կփորձի օգնել: Հիմա ծնողների հույսը մեկն է` մի նախարարությունից մյուսն այսքան ժամանակ վազելուց հետո գոնե իրենց դիմումը համապատասխան կերպով բավարարվի:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս