Պարտականությունների պարտականությունը կատարվածը պահելն է. Վահրամ Փափազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նշանավոր դերասան, գրող Վահրամ Փափազյանի ծննդյան օրն է:

Ծնվել է Կ. Պոլսում 1888 թվականին, սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում:

Բեմական առաջին փորձերը սկսել է Փարիզում՝ միաժամանակ հանդես գալով իտալական շրջիկ թատերախմբում:

Վահրամ Փափազյանը աշխատել է Բաքվի ու Թիֆլիսի հայկական թատրոններում: Փափազյանը նաև ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը «Օթելլո» և «Լիր արքա» ներկայացումներում:

1954 -ից բնակություն է հաստատել Երևանում, աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում:

Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը:

Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին Լենինգրադում, թաղված է Երեւանում: Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
 
«Սերը հավատի արտահանությունն է, 
իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը:
 
Վահրամ Փափազյան
 
    Մաղթանքի խոսք, կամ բարի ցանկանալ մեր նոր սերունդին. նպատակս է այս… Սակայն ի՞նչ բառերով, ո՞րը գործածեմ այն հազարավոր ադամանդակուռ բառերից, որով հարուստ է մեր հին լեզուն, և որոնք խճողվում են այս րոպեիս իմ գրչի ծայրին: Կամ ո՞րը ընտրել այն անհամար ոսկեձույլ կաղապարներից, որոնք կոփել են դարերից ի վեր մեր գրիչները, ձուլելու համար իմ զգացմունքը` այն նորընծա ճյուղի հասցեին, որ վաղվա սաղարթախիտ ծառն է լինելու հնամենի բնին մեր ժողովրդի: Ինչ էլ որ ասեմ, ինչ էլ որ գրեմ, չեմ կարող հնարել ավելին, քան նրանք ունեն… Այն բարիքների բարիքը, որ երիտասարդություն անվանում ենք մենք թեթև սրտով ու հանդարտ անցնում:
     Մնում է միայն ցանկանալ մատաղ սերնդին, որ նա հասկանա ու գնահատի այդ անկրկնելի երջանկությունը` երիտասարդությունը, որ իր բաժինն է այսօր, և որը վաղը կլինի միայն մի անցավոր հուշք, և հասկանալուց ու գնահատելուց բացի ըմբռնի և այն պարտականությունը, որ այդ, թեև անցավոր, բայց իր էության մեջ անսգյուտ, ոսկե գեղմը,- կրկնում եմ,- երիտասարդությունը դնում է նրանց այսօր ազազուն, բայց վաղը հսկա, մանուկ ուսերին:
      Պարտականությունների պարտականությունը և կշիռ չճանաչող այն ահավոր շեղջակույտը, որ նրանց հայրերը կոփեցին, նախ կատարվածը պահելն է: Պահպանել նրան ամեն վտանգից, եղածից ու լինելիքից, և պահելուց բացի այդ սրբազան ավանդի զարգացման բնական ճանապարհները հարդարել ու պատրաստելն է, որով միայն կլինի նոր սերունդը արժանի ժառանգ իր նախորդներին: Սկսվածը շարունակողը և դեռևս չլրացածը ի կատար ածող այն ստեղծագործ ուժը, նախորդների հոգատար շնչով ստեղծված կայծը, որը այսօր բոց, բայց վաղը հրդեհ դառնալու համար ամեն մի խավար փարատող այն հսկա ջահը, որով նախորդ սերունդը ուզեց լուսավորել և լուսավորեց բոլոր հորիզոնները գալիք մարդկության:
    Կարենալ ի կատար ածելու համար այս ահավոր պարտականությունը, որ և երջանկություն է միևնույն ժամանակ, որ նախորդները ժառանգ թողեցին ներկա սերնդին, անհրաժեշտ է նախ առողջություն, պողպատյա ջղեր, հորիզոններ ընդգրկող աչքեր, ժամանակներին խոսող քամի ու որոտ ձայն, ամեն ինչ` կյանք, երջանկություն, սրտի ձայնն անգամ, պատմության կշռին կարենալ նետելու չափ անձնազոհություն, և գաղափարի պաշտամունքը` որպես դավանանք:
        Այս բոլորը և մի բան էլ ավելին ցանկանում եմ քեզ, դու ոսկե բողբոջ, ճապուկ կանաչ ճյուղ իմ պապենական խորարմատ ծառի…»:




Լրահոս