2011 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` Այրում քաղաքի մոտ, տեղի ունեցած սողանքից քանդվեց նաեւ Այրումի հէկ-ի մոտից սկիզբ առնող ոռոգման ինքնահոս ջրագծի մի հատված: Սողանքի առաջին հարվածն ընկավ ջրագծի խողովակների վրա, եւ եթե դա չլիներ, զոհերն ավելի շատ կլինեին: Այդ ջրագծով Դեբեդի հովտի ութ համայնքներում ինքնահոս ոռոգվում էր մոտ հազար հա տարածք, այդ թվում` դեղձի այգիներ: Գարունը Դեբեդի հովտում շուտ է գալիս, քանի որ այդ տարածաշրջանը Հայաստանի ցածրադիր գոտիներից է: Օրերս Պտղավան համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանը եւ գյուղի բնակիչները Պտղավան այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին մտահոգություն հայտնեցին, որ մարտ ամսին սկսվող ոռոգման սեզոնին սողանքից տուժած ջրագիծը վերականգնված չի լինի: Մարզպետն ասաց, որ ինքն այդ խնդրով խոսակցություն է ունեցել «Հայջրտնտպետկոմ»-ի տնօրինության հետ, եւ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չեն լինի: Սակայն ոռոգման ջրագծի քանդված հատվածը պետք է վերականգնվի տարերքից քանդված ճանապարհահատվածի հետ: Ուստի շատ կասկածելի է, որ սողանքից քանդված ճանապարհն ու ջրագիծը մինչեւ մարտ վերականգնված կլինեն, որովհետեւ այնտեղ հողային հսկայածավալ աշխատանքներ պիտի արվեն:
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ