27-ամյա Հրանտ Ալոյանը սպանության մեղադրանքով հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Այսպես, Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել 2011թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Ճարտարագիտական» քոլեջի մուտքի դարպասի մոտ: Հրանտ Ալոյանը ոմն Ռոզա Ալխասյանի հետ հարաբերությունների պարզաբանման նպատակով վիճաբանել է Հայկ Հովակիմյանի հետ:
Այս ընթացքում Հ. Ալոյանը բռունցքով հարվածել է Հայկ Հովակիմյանի գլխին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, ինչի հետևանքով Հ. Հովակիմյանը մահացել է:
Ինչպես ցույց է տվել դատաբժշկական փորձաքննությունը, Հովակիմյանը ստացել է գլխի ենթամաշկային, գլխուղեղի ենթաոստայնային տարածում արյունազեղումներ, արյունահավաքներ, ուղեղիկի փափուկ թաղանթների, ուղեղանյութի, գլխուղեղի կողմնային փորոքների այրունազեղումներ, քթի ոսկրերի կոտրվածք, քթի հիմի շրջանի սալջարդ վերքեր: Սա էլ պատճառ էր հանդիսացել, որպեսզի Հ. Հովակիմյանի գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաները սուր խանգարվեն և մահանա:
Այսինքն` նախկինում չդատված Հրանտ Ալոյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ Քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այն է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Ալոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրգործը մակագրվել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին:
Որպես իրեղեն ապացույց է ներկայացվել Հ.Հովակիմյանի դիակի գլխի վրա առկա վնասվածքից վերցված արյան նմուշ , ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի սրահից, վարորդի կողքի նստատեղի վերին հատվածից և դեպքի վայր հանդիսացող Պետական ճարտարագիտական քոլեջի դարպասների դիմացից վերցված արնանման հետքեր:
Տաթև Հարությունյան