«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդը»-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հոգում իր կեցության հարցը սույն թվականի մարտի 8-ին Ադրբեջանում գերի ընկած եւ մոտ մեկ ամիս գերության մեջ անցկացրած, նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սեւանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերի էր ընկնել հենց անասուններ պահելու ժամանակ՝ հանդում մոլորվելու պատճառով:
Փաստորեն գերի ընկած երիտասարդը, ով հաստատ հոգեկան ու ֆիզիկական տառապանքների է ենթարկվել Ադրբեջանում, կրկին, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, զբաղվում է այն աշխատանքով, որն իրեն տարավ թշնամու դուռը: Իսկ պետության պոզիտիվ պարտականությունը, այն է՝ օգնել իր տուժած քաղաքացուն, ըստ գյուղապետի, սահմանափակվում է միայն երիտասարդին բժշկական հետազոտության ենթարկելով:
Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը հավանաբար քաղաքական իրադարձություններին չի հետեւում, այլապես տեղյակ կլիներ ՀՀԿ 15-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն մասին, որ «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում եւ ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին»: Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ Արսենի շրջապատի հանրապետական, Տավուշի ներկայիս մարզպետ, մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Հովիկ Աբովյանն օգնել է սոցիալական ծանր վիճակում գտնվող Խոջոյանների ընտանիքին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: