Նիգերիայի Յոբե նահանգում ահաբեկիչ մահապարտը սպանել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտող ֆուտբոլասերներին. տեղեկացնում է BBC-ն:
Մոտակա հիվանդանոցի աշխատակիցը տեղեկացրել է, որ տուժածներով շտապ օգնության մեքենաների հոսքը չի դադարում, իսկ հիվանդասենյակներն արդեն լցվել են:
Նիգերիայի երեք նահանգում, ներառյալ՝ Յոբեն, արտակարգ դրություն է հայտարարվել: Իշխանություններն ահաբեկչության մեջ կասկածում են «Բոկո Հարամ» իսլամական ծայրահեղական կազմակերպությունը:
Ականատեսները տեղեկացրել են, որ մահապարտը, որը երթևեկում էր եռանիվ տաքսիով, իրեն պայթեցրել է Բրազիլիա-Մեքսիկա խաղի ժամանակ:
Նիգերիայում ընդունված է ֆուտբոլային հանդիպումները դիտել բացօթյա վայրերում: Երկրի իշխանությունները նախօրոք զգուշացրել էին բնակչությանը հասարակական վայրերում ֆուտբոլի խաղերը դիտելու հետ կապված վտանգի մասին: