ՄԱՐԶՊԵՏԸ ՉԲԱՐԵՀԱՃԵՑ ԻՋՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին  վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդները դարձյալ հավաքվել էին   Շիրակի մարզպետարանի դիմաց:  Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը հետեւյալն էր. մաքսազերծման գործընթացի գներն իջեցնել, կամ հանել այն պահանջը, համաձայն որի, եթե  15 օրվա ընթացքում չմաքսազերծեն մեքենան եւ չստանան հայկական պետհամարանիշ, ապա վրացական համարներով Հայաստանի տարածքում մեքենան կարող է գտնվել երեսուն օր: Վարորդներին  մարզպետարանի աշխատակիցները առաջարկեցին   կազմել 5 հոգանոց խումբ, որը մարզպետ Աշոտ Գիզիրյանին կներկայացներ  խնդրի մանրամասները: Ակցիայի մասնակիցները սակայն առարկեցին. իրենք կազմակերպիչներ չունեն, չկան պարագլուխներ, հետեւաբար, եթե գնալու են  մարզպետի մոտ, ապա բոլորը միասին, եթե ոչ` Աշոտ Գիզիրյանն է իջնելու ներքեւ: «Դժվա՞ր է կաբինետներից ցած իջնին, տեսնին ժողովուրդը ինչ գուզե: Մենք հազար հոգի ենք, ինքը՝ մեկ: Թող գա վար, խոսա, մենք էլ բացատրենք ինչի համար ենք հավաքվել»,- «Ժողովուրդ»-ին փոխանցեց վարորդ Սերգեյ Անտոնյանը:Ներքեւ իջան մարզպետարանի գրեթե բոլոր վարչությունների ղեկավարները, ովքեր խնդրի հետ ընդհանրապես առնչություն չունեին:  Յուրաքանչյուրը հարկ համարեց մոտենալ, բանակցել ու համոզել, ասել, որ մարզպետը չի կարող գալ ներքեւ, որ փաստաթղթերը  չի կարող ցած իջեցնել, որ դա ընդունված չէ, ամոթ  է, գրասենյակը փոքր  է եւ  այսպես  շարունակ:  Վարորդներն անդրդվելի էին: «Եթե ամբիցիաները  թույլ չեն տա  իջնել ու խոսել, ուրեմն  մենք բողոքն արտահայտելու այլ ճանապարհներ  կգտնենք: Կաբինետը փոքր է, դուրսը շատ մեծ է: Չի՞ ուզե գա, թող չգա»,-շեշտեցին զայրացած վարորդները: Որոշ ժամանակ  սպասելուց հետո  նրանք որոշեցին փակել ճանապարհը: Գործին խառնվեցին ճանապարհային ոստիկանները, Գյումրիի ոստիկանության պետը: Մի քանի րոպե  անց  մարզպետարանի դիմաց հավաքվեցին նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները, սակայն  Գիզիրյանին այդ  կողմերում որեւէ մեկը չտեսավ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ փոխանցեց,  որ մարզպետը պարզապես  ասելիք չունի: Գյումրի-Երեւան ճանապարհը փակելու նպատակով, ակցիայի մասնակիցները ուղեւորվեցին Ազատան: Երթեւեկությունը րոպեներ անց կաթվածահար եղավ: Վարորդներին հորդորելու, համոզելու գործը ստանձնեց մարզի ոստիկանապետը: Նրա պահանջն էլ հետեւյալն էր`  բացել ճանապարհը եւ բողոքն արտահայտելու այլ մեթոդների  դիմել: «Մարտի 1 չսարքեք»,- գոռում էր ոստիկաններից մեկը: Իսկ Ոստիկանության վարչության պետը նաեւ սպառնում էր. «Տղավարի եմ ասում, կուլտուրական բացեք ճանապարհը, չէ, ուրեմն պրոբլեմ կլինի»:Գյումրի-Երեւան ճանապարհը բացեցին, սակայն վաղը նրանք կուղեւորվեն Բավրա` այն ակնկալիքով, որ գյումրեցիներին կմիանան նաեւ Երեւանից եւ Վանաձորից: «Մենք ենք էս երկիրը փչացրել, մենք էլ կուղղենք, ոչինչ»,- սա  բողոքի ակցիային մասնակցած վարորդներից մեկի հայտարարությունն էր: Նրանք վճռական են տրամադրված: Բողոքի ակցիան կշարունակվի այնքան, մինչեւ խնդիրը  վերջնական լուծում  ստանա: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ Գյումրի




Լրահոս