Հայաստանում Heineken-ի սիրահարները ստիպված են բավարարվել այլ գարեջրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր շարունակ Armlur.am-ի ընթերցողները տեղեկացնում էին, որ Երևանի մթերային խանութներից չեն կարողանում գնել Heineken տեսակի գարեջուր: Մարդկանց հատկապես հիմա է հետաքրքրում գարեջուրը, քանի որ սկսվել են ֆուտբոլի Աշխարհի առաջնության հանդիպումները, և գարեջուրը դարձել է ամենալայն սպառվող ապրանքներից մեկը:

Ինչպես հայտնի է, Heineken-ը գարեջրի այն տեսակն է, որը տարիներ շարունակ եղել է ֆուտբոլային տարբեր մասշտաբի խաղերի հովանավորը:

Քաղաքացիների հայտնած տեղեկությունը ստուգելու նպատակով Armlur.am-ը շրջեց մայրաքաղաքի առավել խոշոր` «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Մոսկվիչկա» և «Կայզեր» սուպերմարկետների ցանցերում: Եվ պարզ դարձավ, որ քաղաքացիների մտահոգությունը տեղին էր:

Մեր այցելած խանութներում տեղեկացրին, որ արդեն տևական ժամանակ է` չկա Heineken գարեջուրը, և իրենք հստակ չգիտեն, թե երբ կլինի: Ներկրող ընկերությունը չի առաքում այդ ապրանքատեսակը:

Armlur.am-ը կապ հաստատեց Heineken  գարեջուր ներկրող «Սարգիս-Կարոլինա» ընկերության գործավարուհի ներկայացած Ռուզաննայի հետ, ով տարօրինակ ձևով ստեց, թե «այդ գարեջուրը կա սուպերմարկետներում»: Թերևս, առանց կարմրելու՝ նա անջատեց լսափողը:

Բնականաբար, վերոնշյալ աշխատակցի անհեթեթ «պարզաբանումը» մեզ չբավարարեց, և մենք ևս մեկ անգամ փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ: Այս անգամ մեր զանգին պատասխանեց «Սարգիս-Կարոլինա» ընկերության սեփականատեր Սարգիս Թարվերդյանը, ով, ի տարբերության իր աշխատակցի՝ առավել քաղաքակիրթ մոտեցում ցուցաբերեց և սպառիչ պատասխանեց մեր կողմից հնչեցված հարցին, թե ինչու է խանութներից «անհետացել» իր ընկերության կողմից ներկրվող Heineken տեսակի գարեջուրը:

Սարգիս Թարվերդյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսի հատվածում ճանապարհի փլուզման և դրա հետևանքով առաջացած խցանումների պատճառով Heineken տեսակի գարեջուրը, երկար ժամանակ է, մնացել է սահմանին:

Ընկերության սեփականատիրոջ փոխանցմամբ` ճանապարհն արդեն բացվել է, այսօր երեկոյան կամ վաղը հնարավոր կլինի Հայաստան ներմուծել Heineken գարեջուրը:

Այնպես, որ Heineken-ի սիրահարները հնարավորություն կունենան կրկին համադրել ֆուտբոլն ու գարեջուրը:




Լրահոս