Փրկարարները հղի կնոջը պատգարակով տեղափոխել են ծննդատուն (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվարի 21-ի կեսօրին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում ձնաբքի հետևանքով 3 քաղաքացի չեն կարողանում դուրս գալ նշված հատվածից: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃԿԿ–ն անմիջապես պարզել է, որ նշված հատվածն Արագածոտնի մարզի Ճարճակիս–Ալագյազ ավտոճանապարհն է, որտեղ ձնակույտի մեջ արգելափակվել է նշված քաղաքացիների թրթուրավոր տրակտորը։ Քաղաքացիներից մեկը երիտասարդ աղջիկ է, ով գտնվում է հղի վիճակում և առողջական լուրջ խնդիրներ են սկսվել նրա մոտ։Շտապ նշված վայր են մեկնում Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։ Հրամանատարն ու նրա տեղակալ Վարդգես Բոյաջյանը, փրկարարներ Արամ Ավետիսյանը, Նարեկ Պողոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Հովհաննես Հակոբյանը, Գառնիկ Կիրակոսյանը և Կարեն Թովմասյանը, ինչպես նաև անծանոթ քաղաքացիներ մոտ 3.5 կմ ոտքով մեկնում են նշված վայր, քանի որ նշված հատվածում ավտոմեքենաները չէին կարող անցնել ձյան 1.5 մետր բարձրության պատճառով։ Փրկարարները, հասնելով նշված վայր, առաջինը օգնություն են ցուցաբերում հղի վիճակում գտնվող, 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները հղի կնոջը պատգարակով 3.5 կմ ոտքով տեղափոխում են դեպի արդեն ձյունից մաքրված տարածք, որտեղից անծանոթ քաղաքացու ավտոմեքենայով, փրկարարների ուղեկցությամբ, Գ. Ֆարոյանը տեղափոխվում է Ապարանի քաղաքային հիվանդանոց։Դեպքի վայրում հավաքվածները, ֆոտոլրագրողին կես–կատակ, կես-լուրջ պատմում էին, որ ,փրկարարները այս պահին նաև կատարում էին բժիշկ–գինեկոլոգի գործ, քանի որ, եթե ժամանակին չհասնեին դեպքի վայր, ապա հնարավոր էր հենց թրթուրավոր տրակտորի մեջ էս մեր Գյուլնարան ծննդաբերեր։ Հարազատները նաև պատմում էին, որ ողջ ճանապարհին ահը սրտներում սպասել են, որ ձնաբքի մեջ հանկարծ Գյուլնարան չծննդաբերի, նույնիսկ կատակում էին, որ եթե աղջիկ ծնվի, անունը դնելու են Ձյունանուշ, իսկ մտածում են, թե ,երեխուն քավոր որ փրկարարին անենե։ Այս պահին Գ. Ֆարոյանը գտնվում է Ապարանի հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։




Լրահոս