Ազգային ժողովում այսօր քննարկվում էր Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որ ներկայացրեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
Բանախոսը նշեց, որ լրացումներն ու փոփոխությունները մի շարք նվազեցումներ են նախատեսում գործող տուգանքների մասով:
Մասնավորապես`1-20 կմ/ժ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր գերազանցած կմ/ժ-ի համար հազար դրամ տուգանք: Այսինքն՝ սահմանվածից 3 կմ/ժ գերազանցած վարորդը պետք է 3 հազար դրամ տուգանք վճարի, 14 կմ/ժ գերազանցողը՝ 14 հազար դրամ, և այսպես շարունակ:
21-30 կմ/ժ սահմանված արագությունը գերազանցելու դեպքում առաջարկվում է կիրառել հաստատուն 30 հազար դրամ տուգանք:
«Այն բոլոր խախտումները, որոնք էապես վտանգ են ներկայացնում, ավելի բարձր տուգանքի չափ ենք սահմանել: Մասնավորապես, եթե վարորդը 80 կմ սահմանված ճանապարհահատվածում արագությունը գերազանցի 170 կմ-ից, այս դեպքում ամենից բարձր տուգանքը սահմանել ենք 500 հազար դրամ»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը:
Օրինակ` եթե վարորդական վկայականը վարորդի մոտ չէ այդ պահին, ներկայիս 5 հազար դրամ տուգանքի փոխարեն այն կդառնա 3 հազար դրամ:
Նախատեսվում է նաև մի քանի տուգանքների ավելացում: Մասնավորապես, այսուհետ ավելի շատ տուգանք կվճարեն այն վարորդները, որոնք սիրում են ղեկին բջջային հեռախոսով խոսել. «Մենք գտնում ենք, որ նմանատիպ խախտումներն իրենց էությամբ վտանգ են ներկայացնում, զգոնությունը թուլացնում, դրանով պայմանավորված՝ մեր կողմից առաջարկվում է 3 հազար դրամի փոխարեն՝ տուգանք սահմանել 5 հազար դրամ»:
Նշենք, որ ըստ օրենքի նախագծի` օրենքն ընդունվելու պարագայում՝ այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: