ԱԺ ընդդիմադիր չորս ուժերի ներկայացրած առաջարկների մի մասն ընդգրկված է եղել նաև կառավարության ծրագրում, մի մասն էլ ՀՀԿ-ն բազմիցս քննարկել է: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Սակայն կարևոր չէ՝ քառյակն է սկզբում առաջարկել, թե՝ մենք. կարևորն այն է, որ կար խնդիր, և մենք դրան արձագանքեցինք: Ես արդեն ասել եմ, որ բոլոր կետերը, որոնք ներկայացվել են քառյակի կողմից, քննարկման ենթակա են: Իսկ ինչ մնում է հարցին՝ ինչու 2 տարի քննարկման չի դրվել, պետք է հետաքրքրվել նախկին և ներկա կառավարությունից: Նոր կառավարությունն իր ծրագրի հաստատումից հետո անմիջապես անցել է քննարկումների և առաջարկություններ է ներկայացրել: Սա նոր կառավարության առաջարկն է, որը հիմա մենք քննարկում ենք», – նշեց նա:
Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում մերժել է քառյակի առաջարկները: «Մերժողական ոչինչ չկա, մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել քառյակի ցանկացած առաջարկ, և մենք ունենք մեր տեսակետները: Անխտիր բոլոր կետերը պատրաստ ենք քննարկել, սակայն չենք ընդունում պահանջներ և ժամկետներ դնելը. ունենք մեր տեսակետները յուրաքանչյուր կետի վերաբերյալ: Մենք պատրաստ ենք իրականացնել մեր այն մոտեցումները, որոնք իրատեսական են, և մենք կառաջարկենք մեր թեզիսները, – ընդգծեց նա:
Այն հարցին, թե կոմպրոմիսի գնալու ցանկություն կա ՀՀԿ-ի մոտ, Բաղդասարյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում կոմպրոմիսի գնալ: Մենք առաջարկում ենք մեր տեսակետները, ասում ենք, որ կառավարությունն այսօր հնարավորություն ունի հարցերին անդրադառնալ այս տեսանկյունից: Եթե իրենք համաձայն չեն և ցանկանում են փողոց դուրս գալ, այդ նպատակը կարող են ցանկացած պահի որպես պատրվակ օգտագործել», – նկատեց խմբակցության ղեկավարը: