
Իրկուտսկի մարզում գտնվող Ուգախան հանքում հայտնաբերվել է 6664 գրամանոց ոսկյա բացառիկ բնակտոր: Դա տեղի է ունեցել ուրբաթ՝ հունիսի 13-ին, ինչն ավելացնում է դեպքի առեղծվածային լինելու հավանականությունը:
Ավելին, բնակտորն իր ձևով հիշեցնում է սրածայր ականջ. այդ պատճառով գտածոն ստացել է «Սատանայի ականջ» անվանումը: Ոսկի որոնողներն ուշադրություն են դարձրել նաև բնակտորի քաշի մեջ առկա երեք 6 թվերին:
Հանքափորները սկզբում ոսկու բնակտորը քարի տեղ են դրել և դեն նետել, սակայն հետագայում բանվորներից մեկն այն նորից գտել է. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Սատանայի ականջն» այս շրջանում երբեմնի գտնված ամենախոշոր բնակտորներից է: Սակայն այն գտվել է մի հանքում, որտեղ գրանցվել էր ոսկու ցածր պարունակություն: Ներկայումս մասնագետները խոսում են ևս մեկ նման խոշոր բնակտորի հայտնաբերման հավանականության մասին, քանի որ դրանք սովորաբար զույգերով են լինում: