ՔՆՆԱՐԿԵՔ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում մեկնարկեց 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացումը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախորդ կառավարությունը տապալել է բոլոր ցուցանիշները եւ ըստ այդմ էլ ԱԺ-ում պետք է քննարկեին ոչ թե բյուջեն, այլ Տիգրան Սարգսյանի կառավարության պատասխանատվության հարցը։

Ն. Զոհրաբյանը վրդովված նշեց, որ երկրի արտաքին պարտքը գնալով ավելանում է, մինչդեռ այդ միջոցները որեւէ կերպ չեն նպաստում ժողովրդի կենսական պայմանների բարելավմանը: «Ինչպե՞ս է լինում, որ մեր արտաքին պարտքն աճում է, բայց մենք բոլոր ցուցանիշներով հետընթաց ունենք՝ աղքատություն, արտագաղթ, գործազրկություն, բոլորն աճում են»:
Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե, բնականաբար, հարցը մտահոգիչ է, սակայն պետք է հասկանալ, որ արտաքին պարտքը զուտ գործարք է. «Մեր երկիրը շարունակում է մնալ նվազ պարտք ունեցող երկիր, ծանր բեռ ունեցող երկիր չէ»,-փորձեց պատգամավորի մտահոգությունը փարատել ՀՀ գլխավոր գանձապետը:
Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, դիմելով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, խնդրեց պարզաբանել, թե ինչու են նրա զեկույցում բացակայում ռուսական 500 մլն վարկի ծախսման ուղղությունները. «Ինչի՞ վրա են ծախսվել դրանք, այդուհանդերձ` ի՞նչ հատկացումներ են եղել դրա հետ կապված: Չէ՞ որ նաեւ մարում է եղել, կցանկանայի` նաեւ դրա էֆեկտիվության մասին խոսեք, բայց` հստակ»: Երիցյանն էլ պատասխանեց, թե «Կառավարությունը մանրամասն ներկայացրել է, չենք անդրադարձել, ուրեմն` համաձայն ենք: Հաշվետվությունը ներկայացված է, ձեզ ավելի պրոֆեսիոնալ կներկայացնեն»:
Իսկ Վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը երեկ ԱԺ-ում ներկայացրեց Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Նկատենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դաշտում չի «երեւում» ու հատկապես ԱԺ-ում նման զեկույցները ներկայացնում է Ս. Ավագյանը: Մինչդեռ անցյալ տարիներին դա անում էր բացառապես ՎՊ նախագահը: Հիշեցնենք, որ 2012 թվականի ՎՊ հաշվետվությունը ներկայացնելիս Ի. Զաքարյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթն իսկական փոթորիկ առաջացրեց իշխանական դաշտում, ինչից հետո Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց Զաքարյանին սեփական կարծիքը հայտնել տանը: Էժան «կաբելների» ցուցադրությամբ այդ աղմկահարույց ելույթին հետեւած քննադատությունից հետո Զաքարյանը, փաստորեն, խորը ընդհատակ է անցել:
Ինչեւէ, Ս. Ավագյանն ասաց, որ հաշվետու տարում պետական բյուջեի փաստացի հարկային եկամուտները ՀՆԱ նկատմամբ կազմել են 25.1 տոկոս` 2012 թվականի 23.7 տոկոսի դիմաց, պետբյուջեի ծախսերը նախատեսվել են 1 տրիլիոն 152 մլրդ դրամ, ճշտված ծախսերը` 1 տրիլիոն 252 մլրդ, իսկ փաստացի ծախսերը` 1 տրիլիոն 142 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 90 . 8 տոկոսը: Ավագյանի խոսքով` 2013 թ. պետբյուջեի փաստացի ծախսերը ՀՆԱ նկատմամբ 26.8 տոկոս են կազմել` 12թ. 25.2 տոկոսի դիմաց:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս