ՔԱՌՅԱԿԻ «ԲԱՑ ԴԱՍԸ» ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրաշալի քառյակ»-ը երեկ հրապարակեց իր՝ 12 կետանոց պահանջներն ու դրանք կատարելու համար իշխանություններին վերջնաժամկետ տվեց՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը: Քառյակի ներկայացուցիչները նաեւ հայտարարեցին՝ սեպտեմբերի վերջին տեղի կունենա միասնական հանրահավաք, որի ժամանակ կամփոփեն պահանջների կատարումն ու կորոշեն հետագա քայլերը:

Քառյակի 12 կետերը վերաբերում են ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական բնագավառներին: Նրանք, մասնավորապես, պահանջում են վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, վերանայել տեսանկարահանող սարքերի, արագաչափերի, կարմիր գծերի համակարգերը, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի եւ վարկերի համար տրվող սուբսիդիաները, գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի, հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել նրանց աշխատավարձերը, բացառել Որոտանի վաճառքն առանց ԱԺ-ի հավանության, բացառել տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, ապահովվել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումն ու ընդդիմությանը տալ վերահսկողական ֆունկցիաներ, եւ վերջապես՝ չստորագրել միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի ու ԼՂՀ միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:
Քառյակի ներկայացուցիչները երեկ հայտարարեցին, որ սրանք այն առաջնային խնդիրներն են, որոնք վերաբերում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին ու պահանջում են հրատապ լուծում: Ընդ որում, ըստ նրանց՝ այդ լուծումները միանգամայն հնարավոր է իրագործել նախանշված ժամկետում, իսկ հապաղելը կնշանակի՝ վտանգել երկրի ապագան: ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները երեկ նաեւ վստահեցրին՝ իրենք ներկայացրել են այնպիսի պահանջներ, որոնց վերաբերյալ Քառյակի ներսում կա կոնսենսուս: Ինչպես նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ իրենք աշխատել են «ռեալ պոլիտիկ»-ի դիրքերից:
Քառյակի ներսում, սակայն, միասնական դիրքորոշում չկա իշխանափոխության հարցում. երեկվա հայտարարության մեջ այս մասին չկա ոչ մի խոսք: Քառյակից միայն ՀԱԿ-ն է հակված արմատական քայլերի, իսկ մյուս երեք ուժերի մոտեցումներն առավել ընդհանրական են: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե բոլոր չարիքների հիմքը Սերժ Սարգսյանն է, ու քանի դեռ նա իշխանության ղեկին է, չի կարելի խոսել որեւէ բարեփոխման մասին: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք կողմ են ամբողջական իշխանափոխության, եւ անձերի փոփոխությունը ոչնչի չի հանգեցնի: «Պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք դրանից հետո ինչպիսի համակարգ ենք ունենալու»,-ասաց Ռուստամյանը: Սակայն նա չբացառեց իշխանափոխության գնալը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը համաձայնեց Ռուստամյանի հետ՝ ասելով, որ պետք է ոչ թե անձը փոխվի, այլ համակարգը: Թեեւ այս պահին ԲՀԿ-ն չի բարձրացնում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, բայցեւ չի բացառում այդ հարցը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ իրենց համար չկան տաբու հարցեր ու թեմաներ: «Կլուծվեն ներկայացրած հարցերը, թե ոչ, շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, որից հետո արդեն մենք չորս քաղաքական ուժերով եւ ժողովրդի հետ միասին կծրագրենք մեր հետագա քայլերը: Մեզ համար տաբու հարցեր չկան»,- ասաց նա:
Ամենայն հավանականությամբ, Քառյակի պահանջներում իշխանափոխության պահանջի բացակայությունն էր պատճառը, որ երեկ ՀՀԿ-ականները ոգեւորված էին հրապարակված 12 կետով: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ներկայացված պահանջներն առողջ են եւ իշխանությունները գնում են այդ հարցերի իրագործման ճանապարհով: «Արդեն գալիս է այն կոնստրուկտիվ ընդդիմությունը, որը մենք ուզում ենք, որը մենք ցանկանում ենք, որոնց հետ կարողանանք հարցեր քննարկել, հարցեր լուծել»,- ասել է նա: Սակայն մյուս կողմից՝ Բաղդասարյանը դժգոհել է Ս.Սարգսյանի հասցեին Լեւոն Զուրաբյանի արտահայտություններից՝ ասելով, թե նման խոսքերը փչացնում են հնչեցրած կետերը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նույնպես հայտարարել է, որ Քառյակի ներկայացրած կետերը կառուցողական են: Քառյակի կետերից շատերի հետ իր համաձայնությունն է հայտնել նաեւ ԱԺ մյուս փոխնախագահը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով, սակայն, նեղսրտել էր, որ չորս ուժերն իշխանությունների առաջ վերջնաժամկետներ են դնում. «Առհասարակ ժամանակ տալը լավ բան չէ»,- ասել է նա:
Ի դեպ, տարեսկզբին, երբ Քառյակը հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին ու այդ հարցով շուրջօրյա հանրահավաքների օր սահմանել, Սերժ Սարգսյանը, ժամանակից առաջ ընկնելով, ինքը պաշտոնանկ արեց կառավարությանը՝ ստիպելով վարչապետին հրաժարական տալ: Երեկ «Ժողովուրդ»-ը Քառյակի անդամներին հարցրեց՝ արդյո՞ք սեպտեմբերի վերջին նախատեսված հանրահավաքից առաջ Ս.Սարգսյանը կզոհաբերի նաեւ այս կառավարությանը: «Թող փորձի»,- արձագանքեց Ռուբիկ Հակոբյանը, իսկ Ռուստամյանը նշեց՝ «Չեմ կարծում, բայց թող անի»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս