ԴԵՊԻ ԳԱՐՇԱՀՈՏ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչներն արդեն տարիներ շարունակ ամեն ամռան սկզբին ահազանգում են բնակավայրի հակասանիտարական վիճակի մասին: Բանն այն է, որ Ներքին Քաղսիում է տեղակայված մաքրման կայանը, որտեղ տասնամյակներ շարունակ զտվել են տարածաշրջանի կոյուղաջրերը եւ եկել միացել են Հրազդան գետին: Սակայն վերջին քսան տարիներին մաքրման կայանը չի գործում, իսկ կոյուղաջրերը շարունակում են գալ ու լցվել կայան ու առանց զտվելու` հոսել Հրազդան գետ: 

Քաղսի գյուղի բնակիչները մինչեւ վերջերս հանդուրժել են այդ վիճակը, քանի որ գետը քշում տանում էր գարշելի զանգվածը,բայց վերջին 3 տարում գետի հոսքը դադարել է, ինչի արդյունքում կոյուղաջրերի առաջացրած գարշահոտ վիճակն այլեւս անտանելի է դարձել քաղսեցիների համար: Կոյուղաջրերից առաջացած ճահճանման լճակներն ու տիղմաջրային տարածքները դարձել են գյուղացիների թիվ մեկ գլխացավանքը: «Գոնե Ծովինարից եկող ջուրը բաց թողնեին,ահագին մաքրվում էր: Արդեն երեք տարի ա` բաց չեն թողնում,մեզ էսպես կոտորում են»,-բողոքում են բնակիչները:
«Թունավոր մոծակները ե՛ւ անասունին են վնաս տալիս, ե՛ւ ժողովրդին»,-իր մտահոգությունն է հայտնում Վարդգես պապը,-«Բոստանային բանջարները, որ էս նեխած ջրով ջրեն,ժողովրդի վիճակը ինչ կլինի: Ջուր բաց չեն թողնում, ջուրն էլ են գրպանել: էս ջուրը անասուններն են խմում, կաթնամթերքը տանում ենք շուկա, քաղաքացուն խաբում ենք, ասում ենք՝ էկոլոգիապես մաքուր կաթնամթերք ա, բայց քաղաքացին շատա իմանում` կովը ինչ ջուր ա խմել»,-նեղսրտում են քաղսեցիները: Նրանք անհանգստանում են,որ մի օր էլ իրենց երեխաներն առողջական լուրջ խնդիրներ կունենան, քանի որ չգիտակցելով՝ ծնողներից թաքուն լողանում են այդ կեղտաջրերում: Ամեն անգամ խնդիրը բարձրաձայնելով` բնակիչները հույս են փայփայում,որ կա՛մ կայանը կգործարկեն, կա՛մ իրենց կտեղափոխեն:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քաղսիի համայնքապետ Սեդրակ Դավթյանի հետ: Նա նշեց, որ խնդիրը թե՛ իր, թե՛ բնակիչների կողմից բազմիցս բարձրացվել է Կոտայքի մարզպետարանում, որտեղից, սակայն, պատասխանել են, թե հարցը հնարավոր է լուծել միայն կառավարական եւ խորհրդարանական մակարդակով, քանի որ մաքրման կայանը վերականգնելու համար հսկայական գումար է անհրաժեշտ:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան




Լրահոս