Երեւանի ամենահայտնի ընտանիքներից մեկի՝ Աֆրիկյանների տունը ոչնչացման եզրին է: Տերյան 11 հասցեում գտնվող հին Երեւանի այս ամենագեղեցիկ շենքերից մեկի տեղում նախատեսվում է հյուրանոց կառուցել: Նշենք, որ Աֆրիկյանների տունն ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, եւ ինչպես վերջին տարիներին արվում է նման դեպքերում, այս անգամ եւս Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները պնդում են, որ շենքը ոչ թե քանդվելու է, այլ ապամոնտաժվելու եւ տեղափոխվելու է: Նրանց հավաստիացմամբ` շենքի բոլոր քարերը հատ առ հատ համարակալվելու են եւ այն նույնությամբ վերականգնվելու է «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում:
Աֆրիկյանները Երեւանի ամենահին եւ հայտնի ընտանիքներից են: Նրանք եղել են քաղաքային դումայի անդամներ, ունեցել են տարբեր գործարաններ եւ մեծ ներդրում են կատարել քաղաքի պատմության մեջ: 1911թ. հենց Աֆրիկյանների միջոցներով է առաջին անգամ խմելու ջուր բերվել Երեւան: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է, իսկ Երեւանի կենտրոնում գտնվող եւ նախկինում նրանց պատկանող երկու շենքերն այսօր ընդգրկված են Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Սակայն ՀՀ կառավարության որոշումներից մեկով հաստատվել է դրանցից մեկի՝ Տերյան 11 հասցեում գտնվող հուշարձան-շենքի ապամոնտաժման ծրագիրը եւ տեղափոխումը:
Ալեքսանդր Թամանյանի նախագծած Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ կառավարության 2011 թվականի որոշման՝ հանձնվել է «Լեւ ընդ Դավ գրուպ» ընկերությանը: Վերջինս պարտավորվել է ԱԻՆ-ի համար նոր շենք կառուցել, ինչը եւ արվել է Դավիթաշենում: «Լեւ ընդ Դավ գրուպ»-ի հիմնադիրն, ըստ կառավարության կայքէջի, Արման Պետրոսյանն է: Թե ով է նա` հայտնի չէ: «Ժողովուրդ»-ի` ընկերության հետ կապ հաստատելու բոլոր փորձերը երեկ ողջ օրվա ընթացքում ապարդյուն անցան:
Իսկ ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու է հուշարձան համարվող շենքն այսօր գտնվում քանդման վտանգի առաջ, պատասխանեց. «Երկուսն էլ հուշարձան-շենքեր են, իսկ մյուս տեղեկությունների համար գրավոր դիմեք եւ պատասխան կստանաք»: Ահա այսպիսի քամահրական վերաբերմունք` քաղաքի դիմագիծը կազմող հուշարձանների ճակատագրով մտահոգության շուրջ:
Ինչեւէ, հուշարձան-շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարան, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Կիսաքանդ շինությունը գտնվում է Պուշկինի փողոցի հ.25 հասցեում, որտեղ նախատեսվում է իրականացնել 2 ստորգետնյա եւ 17 վերգետնյա հարկերով հյուրանոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ, որի համար առկա է Երեւանի քաղաքապետարանի հետ այս տարի փետրվարի 19-ին համաձայնեցված հ.01/18-05/2-5834-85 ճարտարապետաշինարարական նախագիծն ու կառուցապատող «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ին 19.02.2014թ. տրված հ.01/18-5836-116 շինարարության թույլտվությունը: Ներկայում հիշյալ հասցեում իրականացվում են օբյեկտի շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ»:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աֆրիկյանների տան տեղում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է պատրաստվում հյուրանոց կառուցել: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Խաչատրյանի մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանի հետ, ով, ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ Պուշկինի 25 հասցեում եւ արձանագրեց, որ շենքի քարերը համարակալված են: Թե ինչու են դրանք համարակալվել, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը պարզաբանեց. «Համարակալված է եւ որպես հուշարձան չի քանդվելու, այլ ապամոնտաժվելու, տեղափոխվելու է եւ նույնությամբ վերականգնվելու է «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում»: Նկատենք, որ շենքի ապամոնտաժման վերաբերյալ հանրային լսումներ ու քննարկումներ չեն անցկացվել: Արթուր Գեւորգյանի պնդմամբ՝ եթե օրենքի նման պահանջ լինի, ապա քննարկումներ անպայման կկազմակերպվեն: «Չեմ կարծում, որ դա օրենքի պահանջ լինի ու որեւէ մեկը շրջանցի այն»,- լրացրեց Գեւորգյանը:
Ի դեպ, նախորդ օրը երեկոյան, մի խումբ ակտիվիստներ, ովքեր պայքարում են Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ, քանդել են շենքը շրջափակած երկաթյա թիթեղները: Ավելի ուշ, ոստիկանները նրանց խոչընդոտել են, արդյունքում քաշքշուկ է սկսվել, ինչից հետո բերման են ենթարկվել 11 ակտիվիստներ, ապա մի քանի ժամ անց ազատ արձակվել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ