ՉՍՈՎՈՐԵՑԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը  հրաժարական է տվել: Պատճառն այն է, որ վարչապետ եղած շրջանում նա իր գործարար ընկերոջ միջոցով 500 հազար եվրոյի արտոնյալ  վարկ է ստացել` այդպիսով խախտելով  երկրի օրենսդրությունը:
Անշուշտ, տեղին չէ համեմատել պետականաշինության դարերի պատմություն  ունեցող  Գերմանիայում առկա քաղաքական մշակույթը վեցհարյուրամյա ընդմիջումից հետո  առաջին  քայլերն անող Հայաստանի քսանամյա պետութան քաղաքական մշակույթի, ավելի ճիշտ դրա գրեթե բացակայության հետ:  Սակայն քանի որ  անցած տարի ամռանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե. «Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով», արժե դիտարկել, թե որքանով է Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը  դա հաջողվել:
Փորձենք հիշել վերջին տարիներին հայրենի մամուլում հայտնված նմանատիպ  պատմությունները եւ դրանց հետեւած պետական մարմինների արձագանքը: Սկսենք  վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից իր յուրայինը համարվող Ֆլեշի Բարսեղին՝  Բարսեղ Բեգլարյանին տրամադրված 1 միլիարդանոց սուբսիդիայի վճարումից: Ոչ պակաս վիճելի էր նաեւ կառավարության կողմից ներկա եւ նախկին իշխանության յուրային կառուցապատողներին հատկացված հակաճգնաժամային վարկավորումը, որով փաստորեն  Տիգրան Սարգսյանն օգնեց էլիտար շինարարությամբ զբաղվող որոշ  օլիգարխների  էլ ավելի հարստանալ: Եվ դա` շարքային քաղաքացիների հաշվին, քանի որ հայտնի է` հակաճգնաժամային  վարկեր վերցնելով` կառավարությունն ավելացրեց երկրի պետական պարտքը:  
Կառավարության ղեկավարին  վիճահարույց եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող  քայլերով չեն զիջում նաեւ հայրենի նախարարները: Օրինակ՝ ժամանակին մամուլը  գրեց, որ սոցապ նախարար Աղվան Վարդանյանի գլխավորությամբ յուրացվել են  անապահով երեխաների օթեւանների կառուցման  համար հատկացված գումարները` մի քանի անորակ կացարաններ «կառուցելով», ծրագրի պատասխանատուները գրպանել էին մնացած գումարը եւ իրենց համար առանձնատներ գնել: Պակաս սկանդալային չէր նաեւ ԱԻՆ նախկին նախարար, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի` «ալյուրային պատմությունը»:  Նախկին նախարարը ներգրավված  էր մի ամբողջ երկրի ալյուրի պետական պահուստների փոշիացման մեջ: Էլ ավելի սկանդալային էր Սոցիալական ապահովության հիմնադրամի պետ Վազգեն Խաչիկյանի`  պետբյուջեից 113 միլիոն դրամ յուրացնելու պատմությունը:  Կառավարության անդամներին չեն զիջում նաեւ մարզպետերը, որոնցից հենց նույն Լիսկայի` Սյունիքի մարզպետի մասով առկա են յուրացման բազմաթիվ  դրվագներ:  Նույնը նաեւ Կոտայքի մարզպետ Կովալի` Կովալենկո Շահգալդյանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դեպքում, ինչի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել ինչպես մամուլում, այնպես էլ կոնկրետ մեր թերթում: Ներկայացված ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, սակայն դժվար կլինի նշել գոնե մեկ դեպք, երբ Հայաստանում որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հրաժարական տված լինի  օրենքը խախտելու համար:  Էլ  չասած` որ դրա համար պատասխանատվության ենթարկված լինի: Հենց այսպես էլ սովորում ենք:




Լրահոս