Վարչապետը ԵԽԽՎ համազեկուցողների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում:

Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում եւ շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Մենք կարեւորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է եւ մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլեւ պատիվ է ունեցել 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», – նշել է կառավարության ղեկավարը:

ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել եւ փոխանցել Հայաստանի հարցով ԵԽԽՎ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի ջերմ ողջույնները: Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները եւ ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը: «Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե՛Հայաստանի, թե՛ Եվրոպայի համար»,- ընդգծել են համազեկուցողները:

Հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը: Վարչապետն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային իրավիճակին, հարեւան երկրների հետ հարաբերություններին եւ ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությանը: Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտում ավելի բարձր մակարդակի առաջընթաց արձանագրելու նպատակով:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:




Լրահոս