Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են հայ-վրացական միջպետական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:
Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել բարեկամության միջխորհրդարանական խմբերի, խորհրդարանների մշտական հանձնաժողովների հանդիպումները՝ ի նպաստ երկկողմ կապերի առավել սերտացման և երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման:
Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորելով բարձր մակարդակի փոխայցելությունները՝ Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը վստահություն են հայտնել, որ ներկայիս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկու եղբայրական ժողովուրդների շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-վրացական ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին:
Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում երեկոյան ներկա կգտնվի նաև Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին:
Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք: