ՉԿԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ԲՀԿ-ՈՒՄ ԹԵՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունն օրեցօր հզորանում է, ինչի դրսեւորումներից մեկը Վարդան Օսկանյանի անդամագրումն է ԲՀԿ-ին:
-Պարո՛ն Բալասանյան, առաջիկա ընտրություններում առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով:
-Ամենայն հավանականությամբ` այո՛: Բայց քանի որ  հանդիսանում եմ քաղաքական թիմի մաս, եւ մեր կուսակցությունում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցը դեռեւս չի քննարկվել, ուստի այս հարցի վերջնական պատասխանը կկարողանամ տալ ավելի ուշ: Նորից կրկնեմ, որ ամենայն հավանականությամբ առաջադրվելու եմ, առավել եւս, որ դեռեւս շատ անելիքներ ունեմ իմ ընտրատարածքում, եւ կա նաեւ իմ առաջադրվելու հասարակական պահանջ:
-Վերջին քառօրյայի ընթացքում ԲՀԿ-ն չմասնակցեց «Կանխիկ գործառույթների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը, ինչը  տապալվեց, որին էլ հետեւեց ԲՀԿ-ի բոյկոտը: Չե՞ք կարծում, որ իշխող կոալիցիան ճգնաժամ է ապրում:
-Արդեն 2 տարի է` որոշակի շրջանակներից հրապարակ են նետվում կոալիցիայի հնարավոր փլուզման մասին խոսակցությունները: Ինչպես տեսնում եք, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա կոալիցիան չփլուզվեց: Եղան տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ, որոնք առանձին դեպքերում ստացան հասարակական հնչեղություն: Նման իրավիճակ ստեղծվեց «Կանխիկ գործառույթների սահմանափակման մասին»  օրինագծի քվեարկությանը  ԲՀԿ-ի չմասնակցելով եւ դրա հաջորդ օրը քառօրյա հերթական նիստին չմասնակցելուց հետո: Երկու դեպքում էլ ԲՀԿ-ն հայտնեց իր հստակ դիրքորոշումը, ինչը, իմ կարծիքով, հասկանալի եւ ընկալելի էր հասարակության համար: Բայց դա պետք չէր դիտարկել որպես կոալիցիայի պառակտում կամ ՀՀԿ-ԲՀԿ առճակատում: Ազգային Ժողովը պետության օրենսդիր մարմինն է, եւ այնտեղ ներկայացված կուսակցությունները հատկապես սոցիալ-տնտեսական բլոկին առնչվող հարցերի շուրջ կարող են ունենալ իրենց տարբերվող տեսակետները եւ պաշտպանել դրանք, ինչը, սակայն, չի խանգարում, որ նույն հարցի շուրջ լրացուցիչ քննարկումներ կազմակերպվեն: ԲՀԿ-ի համար հատկապես սկզբունքային են մանր ու միջին բիզնեսին, գյուղատնտեսությանը վերաբերող հարցերի քննարկումները: Ինչպես գիտեք, փոքր ու միջին բիզնեսի եւ գյուղատնտեսության զարգացումը մեր կուսակցության  գերակա ուղղություններից է:
-Պարո՛ն Բալասանյան, կարծես թե Դուք դեմ եք 100-տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցնելու հեռանկարին: Սակայն Ձեր կուսակցությունը կողմ է: Կուսակցության ներսում հայտնե՞լ եք Ձեր կարծիքը:
-ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ 100%-ոց համամասնական ցուցակներին հասնելու հարցը չի քննարկվել, եւ չկա կուսակցության պաշտոնական դիրքորոշում: Սույն հարցի շուրջ մեր կուսակցության անդամների արտահայտած դիրքորոշումները, այդ թվում նաեւ իմը, հանդիսանում են մեզանից յուրաքանչյուրի անձնական տեսակետները: Հարցին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ ես ներկայացրել եմ իմ կարծիքը, որտեղ, սկզբունքորեն դեմ չլինելով 100%-ոց համամասնական ընտրակարգին անցնելուն, նամանավանդ որ նման դրույթ ամրագրված է նաեւ ԲՀԿ նախընտրական ծրագրում, այնուամենայնիվ, այն համարեցի վաղաժամ մեր երկրի համար: ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, եւ քանի դեռ մենք չունենք երկպալատանի խորհրդարան, ապա, կարծում եմ, յուրաքանչյուր մարզից պետք է խորհրդարանաում ներկայացված լինեն ժողովրդի կողմից ուղղակի ընտրված պատգամավորներ, որոնց թիվը կարող է տատանվել 11-ից 22-ի միջակայքում:  Հարցի լուծում կհամարվի երկպալատանի խորհրդարանի ստեղծումը, ինչն այս պահին հավելյալ շքեղություն է մեզ համար: Անկախ ամեն ինչից, որպես ԲՀԿ անդամ` ինձ համար ընդունելի կլինի կուսակցության կայացրած ցանկացած որոշում: Առավել եւս, որ երկու դեպքում էլ ԲՀԿ-ն` որպես հասարակական լայն զանգվածների համակրանքը վայելող  եւ խոշորագույն երկրորդ  քաղաքական ուժ, ունի բոլոր շանսերը գալիք ընտրություններում առավել քան պահպանելու իր դիրքերը:
-Խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ում գոյություն ունեն տարբեր թեւեր ու որոշակի խմբավորումներ, որոնք առանձնապես հաշտ չեն միմյանց հետ:
-ԲՀԿ-ն միասնական եւ ամուր կուսակցություն է, որի անդամները համախմբված են մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ:  Որ ԲՀԿ-ն գնալով հզորանում է, ցույց է տալիս նաեւ այն, որ կուսակցության անդամակցության հայտ են ներկայացնում բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում` վերջերս ԲՀԿ անդամատոմս ստացած ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:  Մնացածը համարում եմ սովորական բամբասանք` զրոյական հիմքով:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս