Իսրայելի դեսպանը հանդիպում է ունեցել ոստիկապետի տեղակալի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեիրոմին եւ նրան ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարությունը կարեւորում է համագործակցությունը տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ, իսկ Իսրայելի իրավապահների հետ երկուստեք օգտակար կլիներ փոխգործակցությունը ահաբեկչության, փողերի լվացման եւ անդրազգային հանցավորության այլ դրսեւորումների դեմ պայքարում:

Անդրադառնալով հանրապետության քրեածին իրավիճակին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ այն կայուն ու վերահսկելի է: Ոստիկանության պետի առաջին տեղակալը հյուրերին ներկայացրեց նաեւ ոստիկանության բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ փոփոխություններ կատարվում են բոլոր ուղղություններով, նպատակ ունենալով լիարժեք իրականացնել բարեփոխումների ծրագրով առաջադրված խնդիրները:

Շմուեյլ Մեյրոմը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հավաստեց իսրայելյան կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու գործակցությունը երկու իրավապահ կառույցների միջեւ: Դեսպանը, մասնավորապես նշեց, որ այս տարվա նոյեմբերին Իսրայելում տեղի է ունենալու ներքին անվտանգության եւ կիբեր-անվտանգության խնդիրներին նվիրված կոնֆերանս եւ փոխանցեց Հայաստանի ոստիկանության ղեկավարության՝ կոնֆերանսին մասնակցելու հրավերը: Հանդիպման ընթացքում, որն անցավ փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվեցին կողմերին հետաքրքրող այլ հարցեր եւս:




Լրահոս