Հրազդանում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրություններից հետո երեկ առաջին անգամ լրագրողներին հանդիպեց Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Նա հենց սկզբում ասաց, որ խորհրդարանական ընտրությունների մասին որեւէ հարցի չի պատասխանելու. այդ մասին կխոսի ապրիլին:
Ինչո՞ւ չեք բողոքարկում ընտրությունների արդյունքները: Առաջինը հենց այս հարցը հնչեց «Ուրբաթ» ակումբում, որին Միքայելյանը պատասխանեց հարցով. «Ո՞ւմ բողոքեմ: Իմ մրցակիցը եղել է ամբողջ պետական ապարատը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ընտրակաշառքն էլ համատարած բնույթ է կրել: Էլ ո՞ւմ դիմեմ: Ես պայքարի մարդ եմ, ես շոու չեմ ուզում սարքեմ»: Ըստ Միքայելյանի` իրենք դեռ ընտրության օրն անձնագրերի դրոշմակնիքների մասով հայց են ներկայացրել ՀՀ վարչական շրջանի դատարան, որը, սակայն, մերժվել է: «Էլ ո՞ւմ դիմեմ: Նույն դատարանի՞ն»,-հարցադրեց Միքայելյանը` թվարկելով բազում ընտրախախտումներ, թե ինչպես են մարդիկ մի քանի անգամ քվեարկել, այլ տեղերում քվեարկել` իրենց բնակավայրից մի քանի կիլոմետր հեռու, կնիքները թաց են եղել եւ այլն: «Էլ չեմ ասում ճնշումների ու ահաբեկչությունների մասին: Պատկերացրեք, անգամ իմ քրոջ որդուն է իր հորեղբայրը` Վրեժ Խաչատրյանը, ասել, թե պիտի շտաբ չգնաս: Բացահայտ ասեմ, թող ամաչի: Իհարկե, նա չհասավ իր նպատակին: Ով ինձ բարեւել է, տարել են, բոլոր կառույցներն աշխատել են իմ դեմ: Եւ արդյունքում, որ Կավալն Արամի հետ հոխորտում էր, թե 60-70 տոկոս ձայն պտի հավաքի, թե ես ձայն չունեմ, ցույց տվեց, որ 5 տոկոս ձայն էլ չունեն: Հիմա գլուխները կախ է: Կովալը Հանրապետականը սարքել է հանրասեփական»,-հայտարարեց քաղաքապետի նախկին թեկնածուն:
Բանախոսը ներկայացրեց նաեւ Հրազդանի բնակիչների թվային վիճակագրությունը. ըստ դրա` 2008-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ 41.600 ընտրողներ են եղել Հրազդանում, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ թիվը նվազել է 41.200-ի: 2012-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ 43.874 մարդ է եղել ընտրացուցակներում: Այսինքն` մոտ 3000 մարդ «գաղթել» է Հրազդան` բնակվելու: «Սաղ երկիրը փախնում, գալիս են Հրազդան, մեր մոտ ամեն ինչ լավ է»,-հեգնեց Միքայելյանը:
Բայց, չնայած այս ամենին, Սասուն Միքայելյանն իրեն համարում է հաղթած թեկնածու, քանի որ շուրջ 12 հազար մարդ (անվավերներն էլ գումարած, քանի որ նրանք ուղղակի փչացրել են կարուսելի միջոցով իրենց տրված քվեաթերթիկները) քվեարկեց իր օգտին: «Ընտրությունից հետո մենք քեֆ էինք անում, իսկ Կավալն ու Արամը ռազբորկա են անում, թե ոնց եղավ, որ էդքան փող տարաք ու ձայն չբերեցիք: Ինձ էլ ասում եք` շնորհավորի, ի՞նչը շնորհավորեմ, կեղծիքնե՞րը»:
«Հայոց աշխարհ»-ի հարցին, թե ասում են, որ դուք էլ եք ընտրակաշառք բաժանել, Միքայելյանը պատասխանեց. «Որտեղի՞ց փող բաժանեմ, էրեխե՛ք, չունեմ: Կալանավորին փող որտեղի՞ց: Բացի դա, եթե ես կաշառք բաժանեի, սաղին կբռնեին: Շատ են փորձել սադրել, թե էսօր գիշեր փող են բաժանում, գնացե՛ք բռնեք: Այսինքն սադրում էին»: «Առավոտ»-ն էլ հիշեցրեց, թե Ահարոն Ադիբեկյանն ասել է, որ Արամ Դանիելյանը փաստեր ունի: «Է՛, փաստեր ունի, թող դիմի դատարան, դատախազություն: Իսկ Ադիբեկյանին էլ փոխանցեք, որ հերիք ա փողով գործ անես, ամոթ ա»,-հայտարարեց Միքայելյանը: Լրագրողների հարցին ի պատասխան` նա կրկին վերահաստատեց, որ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերն է, որն Աստծո տված բան է: «Եթե ես անցնեի, Սերժ Սարգսյանի համար ավելի լավ կլիներ: Կազատվեր մի երկու կաշառակերից: Բայց ես ընկճված չեմ, պարտված չեմ, իմ պայքարը շարունակվում է: Մենք հաղթել ենք, Արամին նշանակել ենք քաղաքապետ»,-ամփոփեց «Սասուն» ջոկատի հրամանատարը:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՀԱՆՐԱՍԵՓԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ