ՕԵԿ-ՈՒՄ «ԻՐԱՐ ԵՆ ՈՒՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է քաղաքական դաշտի հիմնական խաղացողների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակների շուրջ ներկուսակցական խմորումների վրա, ուշագրավ զարգացումներ են կատարվում ՕԵԿ-ում: Բանն այն է, որ կոալիցիոն փոքր եղբոր մոտ եւս ամեն ինչ կարգին չէ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այստեղ առաջին տեղերի համար շատ ավելի կատաղի պայքար է ընթանում, քան նույնիսկ ՀՀԿ-ում: Բանն այն է, որ եթե անգամ ՕԵԿ-ին, որպես մարտի 1-ի փոխհատուցում, թույլատրվի հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը, ապա այս խմբակցությունը կունենա 5-6 պատգամավոր: Ու հիմա ՕԵԿ-ում ակտիվորեն մրցում են` ովքեր են լինելու կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ տեղերում` առաջին տասնյակում: Այստեղ իրավիճակն այնքան էլ պարզ չէ: Ներկայումս ՕԵԿ-ն ունի 7 պատգամավոր: Պարզ է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն տեսնում է կուսակցության ցուցակի առաջին տասնյակում, իսկ որպես դրա հիմնավորում նրանք բերում են խորհրդարանում իրենց ակտիվ աշխատանքը: Համամասնական ցուցակի առաջին տասնյակում հայտնվելու նկրտումներ ունեն նաեւ ՕԵԿ-ական նախարարներն ու ՕԵԿ գործուղված գործարարները: ՕԵԿ-ում քաջ գիտակցում են` եթե այս ընտրություններից հետո նախարարական երկու-երեք պորտֆել տան, եւ այդ մարդիկ հրաժարվեն մանդատից, ապա ԱԺ-ում կհայտնվեն միայն ցուցակի առաջին տասնյակում հայտնվածները: Ու դա է պատճառը, որ ՕԵԿ գործարարները ներկուսակցական քննարկումների ժամանակ բաց տեքստով հայտարարել են` առանց հստակ երաշխիքների, որեւէ կերպ չեն պատրաստվում գումարներ ներդնել կուսակցության քարոզարշավի համար: Մանավանդ որ, ինչպես պատմում են Արթուր Բաղդասարյանին ճանաչողները, նա սիրում է մինչեւ վերջին կոպեկը կլպել մարդկանց` ստիպելով «մուծվել» կուսակցական գանձանակին:
Ինչեւէ, ըստ մեր լուրերի` ստեղծված իրավիճակը մեղմելու համար Արթուր Բաղդասարյանը վերջերս առաջարկել է մի քանիսին առաջադրվել մեծամասնական ընտրակարգով եւ այդպես մտնել խորհրդարան: Սակայն առաջարկն այնքան էլ լավ չէր ընդունվել: Հենց մեծամասնականով առաջադրվելու հանգամանքն էլ իր հերթին է նոր խոսակցությունների առիթ դարձել. գործարարները, որպես լրացուցիչ երաշխիք, ցանկանում են ընդգրկվել անցողիկ տեղերում. բանն այն է, որ մեծամասնական թեկնածուներն այդպես նաեւ կուսակցության համար են ձայներ բերում: Ու հիմա նրանք ասում են. «Եթե մեծամասնականով ընտրվեմ, խնդիր չկա, իմ փոխարեն հաջորդը շատ հանգիստ կարող է դառնալ պատգամավոր»: Ի դեպ, ՕԵԿ-ում նախնական որոշում կա` 10-15 ընտրատարածքում թեկնածուներ առաջադրել նաեւ մեծամասնական ընտրակարգով: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` համամասնական ցուցակի շուրջ քննարկումներն այնքան են թեժացել, որ արդյունքում այս կուսակցությունում եւս ձեւավորվել են տարբեր թեւեր. մի մասի հովանավորն ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է, մյուս մասը գործում է Մհեր Շահգելդյանի հովանու ներքո: Թեեւ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանն իրենց հստակ տեղն ունեն ՕԵԿ համամասնական ցուցակում եւ լինելու են առաջին եռյակում, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր «թիմին» առաջ մղել: Որպես ժամանակավոր լուծում` ՕԵԿ-ում որոշում է կայացվել` համամասնական ընտրացուցակը հրապարակել համագումարի օրը:
ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը երեկ կտրականապես հերքեց ներկուսակցական խմորումների մասին լուրերը: Ըստ Աբրահամյանի` ՕԵԿ-ում համամասնական ընտրացուցակի վերաբերյալ չի եղել որեւէ քննարկում, այլ` ցուցակը պարզ կդառնա համագումարին: ՕԵԿ-ական գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը եւս ասաց, որ ՕԵԿ-ում չկա որեւէ լարվածություն: Ըստ նրա` բացի իրենից, դեռ հայտնի չէ` ովքեր են առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով: Իսկ իր թեկնածության հարցը պարզ է, քանի որ լինելով ՕԵԿ Կենտրոնի կառույցի ղեկավար` ինքը շատ բան է արել, եւ բնական է, որ կուսակցությունը հենց իրեն պետք է առաջադրեր: «Թեեւ` առաջադրման որոշումը դեռ չի հաստատվել ՕԵԿ-ում, այլ այդ հարցը եւս համագումարի ժամանակ պետք է լուծում ստանա»,-ասաց նա:
Ինչեւէ, որքան էլ ՕԵԿ-ականները հերքեն իրենց ներսում տարաձայնությունները, այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, «այս փուչիկի պայթյունի ձայնը դեռ առաջիկայում կլսվի»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս