ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացած Գագիկ Բաղդասարյանը չի հրաժարվի իր մանդատից: Երեկ Բաղդասարյանը պաշտոնական նամակով դիմել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` տեղեկացնելով, որ ինքը ետ է վերցնում հրաժարականի դիմումը: Իսկ նամակում իր քայլը մեկնաբանել է դրան հաջորդած իրադարձություններով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բաղդասարյանն ասաց. «Ես ուզում էի հեռանալ այդ թիմից հանգիստ, խաղաղ պայմաններում: Բայց այդ մարդիկ չհասկացան դա ու իմ դեմ գործընթաց ծավալեցին: Ուստի ես պետք է պայքարեմ իմ բարի համբավն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»:

ՍԱՇԻԿԻՑ ՔԱՇՎԱԾՆԵՐԸ
Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում ՍԴՀԿ-ից հեռացված Գեւորգ Պերկուպերկյանին որպես Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության ատենապետ  գրանցելը Լյուդմիլա Սարգսյանի  կարծիքով  կուսակցության հանդեպ քաղաքական հալածանք է: ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ  կարծում է, որ դա  կօգտագործվի  Հայ ազգային կոնգրեսի դեմ, եւ չի բացառվում, որ  ՀԱԿ-ի համամասնական ցուցակը չգրանցեն: Ըստ նրա` ՍԴՀԿ նկատմամբ հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվել է այն խոսակցությունը, որտեղ  Սաշիկ Սարգսյանն ինչ-որ մեկի  թաղման ժամանակ հայտարարել էր. «Ի՞նչ է եղել, ոնց որ 27-ին մի 8 հոգու խփեցինք, հիմա էլ մի 10 հոգու կխփենք` կանցնի-կգնա»:

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ԵՆ
Փետրվարի 17-ին ԿԳ նախարարությունում կայացած Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (ԴՇՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում հայտնի է դարձել, որ պետության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տարեկան մոտ 120 մլն դրամի սուբսիդիա է հատկացվում:  

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, թիմով վերադարձել է զինված ուժեր: Վերջինս մոտ մեկ տարի առաջ հրաժարական էր ներկայացրել իր հովանավորյալներից մեկին առնչվող աղմկահարույց քրեական գործից հետո:

Ի՞ՆՉ ՀՈԳԵՎԻՃԱԿ Է
«Բոլոր նախադրյալները կան, որ առաջիկա հանրահավաքում ՀԱԿ-ը կկարողանա ոտքի կանգնեցնել ժողովրդին: Որեւէ պրոբլեմ գոյություն չունի, բացի ՀԱԿ-ի ղեկավար օղակի այսօրվա հոգեվիճակից: Ի՞նչ հոգեվիճակում է, ի՞նչ նպատակներ ունեն: Եթե նրանք ճիշտ հոգեվիճակում են, օրինակ, ինչպիսին որ կային 2007-ին, 2008-ին, ապա միանշանակ կարող են: Ուրիշ բան, թե ինչքանով ճշգրիտ կլինեն նրանց հաշվարկները»,-«Առավոտ»-ին ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:  

ՄԱՔՈՒՐ Է

ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար, Շերիֆ մականունով Գրիգոր Գրիգորյանը,  որն ակտիվ մասնակցություն է ունեցել մարտի 1-ի դեպքերին, ներկայումս ղեկավարում է ԲՀԿ Արարատի մարզային կառույցը: Aravot.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ-ի այս ընտրությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Գրիգոր Գրիգորյանը պատասխանել է մարտի 1-ի առնչությամբ բոլոր հարցերին: Դրանց սղագրությունները կան, ցանկության դեպքում ցանկացած լրագրող կարող է բացել այդ նյութերը եւ կարդալ»:

ՀԵՌԱՑՎԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012թ. փետրվարի 17-ին Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը հեռացվել է դատախազության համակարգից` դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու համար: Բարոյանը 2012թ. փետրվարի 16-ին գիշերային ակումբում չարաշահել է ալկոհոլը, մերկացել, պարել այնուհետեւ փողոց է դուրս եկել եւ սեռական բնույթի ինչ-որ շարժումներ կատարելով` հայհոյել: Դ.Բարոյանը  զղջացել  է կատարվածի համար:

ՎԱՐԴԱՆ ԵՎ ՆԱԶԻԿ
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու դիմում է ներկայացրել: Առայժմ հայտնի չէ` արդյոք մարզիկը կընդգրկվի ԲՀԿ համամասնական ցուցակում:




Լրահոս