Դեւռեւս սույն թվականի հունվարի 18-ին աղմկահարույց մի դեպք տեղի ունեցավ Երեւանի Տիգրանյան փողոցում, երբ մի խումբ երիտասարդներ որոշել էին օրը ցերեկով կրակահերթ բացել: Դեպքը տեղի էր ունեցել «Նիկո» կահույքի սրահի հարակից տարածքում: Պարզվեց, որ կրակոցների հեղինակները «Նիկո» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբորորդին եւ «Դավիդով» ֆիրմայի ծխախոտ ներկրող ընկերության սեփականատիրոջ` Արթուր Մանվելյանի որդիներն են: Վերջիններս ինչ-որ աղջկա համար որոշել էին «մենամարտի» բռնվել հենց իրենց «պապաների օբյեկտների» տարածքում, ինչի համար, պարզվում է, նրանցից ոչ ոք չի պատժվել:
Հիշեցնենք, թե իրականում ինչ էր կատարվել, եւ ինչու էին երիտասարդները որոշել միմյանց վրա կրակ բացել: «Նիկո» կահույքի սրահի տարածքում մոտ 50 երիտասարդներ երկար ժամանակ վիճաբանել էին: Ականատեսները պատմում են, որ «ջահելությունը» նախ հանգիստ «տոնով» էր զրուցել, հետո սկսել էին գոռգոռալ, իսկ քիչ անց արդեն կրակել միմյանց ուղղությամբ: Սկզբում կրակ էր արձակվել «Նիկո»-ի ուղղությամբ: Այնուհետեւ մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող արծաթագույն «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս էր եկել մի երիտասարդ, մեքենայից հանել իր մոտ եղած զենքն ու այն դնելով «կապոտի» վրա` սկսել էր կրակել տարբեր ուղղություններով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր նաեւ, որ այդ «հերոսների» թվում «Դավիդով» ֆիրմայի ծխախոտ ներկրող «Ավերս» ընկերության սեփականատերեր Կարո Շահբազյանի, Արսեն Արսենյանի ու Արթուր Մանվելյանի որդիներն են եղել, որոնք հաճախակի են նման իրավիճակներում հայտնվում եւ միշտ ջրից «չոր» դուրս գալիս: Այդ է պատճառը, որ հենց նրանք են կրակ բացել «Նիկո»-ի ուղղությամբ: Ի դեպ, նշենք, որ այս տղաների ծնողները ոչ մի կերպ չեն ցանկանում զրուցել լրագրողների հետ: Մեր յուրաքանչյուր զանգին պատասխանում են նրանց աշխատակիցները եւ ինչ-որ պատճառաբանություն ներկայացնում. «Էստեղ չեն, բան չկա խոսելու, ի՞նչ խոսեն, ո՛ւշ զանգեք, իրանք շատ զբաղված են» եւ նման «ցրողական» պատասխաններից հետո անջատում են հեռախոսը:
Մեր հեռախոսազանգերին պատասխանում է միայն «Ավերս»-ի սեփականատերերից Կարո Շահբազյանը, որն էլ համառորեն նշում է, որ ինքը չի ցանկանում այդ թեմայով որեւէ բան խոսել եւ անջատում է հեռախոսը: «Անհասանելի» են նաեւ «Նիկո»-ի սեփականատեր Աշոտի եւ նրա եղբայր Արմենի հեռախոսահամարները. նրանք ասես երկրի երեսից անհետացած լինեն: Աշխատավայրում նշում են, որ նրանք տեղում չեն, եւ չեն կարող ասել, թե երբ են գալու:
Նշենք նաեւ, որ այդ կրակոցներից տուժել էր մի երիտասարդ, որին տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կրակոցների հետեւանքով ձախ ոտքի ազդրի հատվածում հրազենային վնասվածք էր ստացել միջադեպի մասնակից 23-ամյա Տիգրան Հակոբյանը, որն արդեն ապաքինվել եւ դուրս է եկել հիվանդանոցից: Հնչած կրակոցների առնչությամբ նույն օրը քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով` խուլիգանություն` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ մեկ ամիս ժամկետով: Ինչպես նաեւ 235-րդ հոդվածի հատկանիշներով` ապօրինի զենք, զինամթերք կրելը, ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության բաժնում հայտնվել էին տասնյակ երիտասարդներ, այնուհետեւ ձերբակալվել էին «Նիկո» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբորորդին` 20-ամյա Էդգար Նահապետյանն, ու «Ավերս» ընկերության սեփականատերերից Արթուր Մանվելյանի որդին` 18-ամյա Նարեկ Մանվելյանը: Ձերբակալությունից 72 ժամ անց, սակայն, նրանք երկուսն էլ ստորագրությամբ ազատ էին արձակվել:
Վերը նշված ձերբակալվածների ազատ արձակումից հետո կալանավորվել էին Էդուարդ Խաչատրյանը, ով ոստիկանություն էր ներկայացրել «ՊՍՄ» տեսակի ատրճանակ, ու Վարդգես Դավթյանը, ով ոստիկանությանն էր ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ: Չնայած այս կրակոցներից հետո ոստիկանությունը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է «խուլիգան» երիտասարդներին պատժելու համար, սակայն «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացավ, որ բացի վերը նշված երկու կալանավորվածներից, ուրիշ ոչ ոք չի պատժվել:
Այսինքն` փաստը մնում է փաստ, որ «լավ պապաների» տղաներն ազատության մեջ են գտնվում, իսկ այն երիտասարդները, որոնք երեւի ընդամենը «դիտորդի» դերում են եղել, հայտնվել են անազատության մեջ:
լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի