ԲՀԿ-Ն ԱՆՑԵԼ Է ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կառաջադրվի թիվ 14 ընտրատեղամասում (որտեղից, խոսակցություններ կան, որ առաջադրվելու է նաեւ  ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը), «Իրավունք»-ի հետ զրույցում նախ պատասխանել է, որ չի պատրաստվում այդ ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը, որովհետեւ առաջադրվելու դեպքում ուզում է հավուր պատշաճի պայքար տանել, այնուհետեւ հավելել է, որ Խաչատրյանն օգտվում է իրենց հանգստությունից եւ հայտարարություններ անում, հանդես գալիս ժողովրդի անունից` մոռանալով իր հովանավորներին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ` պարզելու վերջինիս վերաբերմունքը ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարություններին:
-Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Արագած Ախոյանի արած հայտարարությունները:
-Որ Ախոյանը շատ բան չի հասկանում, դա ինձ չի զարմացնում, առավել եւս, որ դա փոխադարձ է, եւ զարմանալի չէ, որ խորհրդարանն էլ չհասկացավ ոմանց մուտքը այնտեղ` կարճ ժամանակով: Դե կոճակ էր, մեկը կսեղմեր էլի, աշխատավարձն էլ խնայողություն կանեին: Ի՞նչ իմաստ ուներ նրա մուտքը խորհրդարան:
-Ի՞նչ հովանավորների մասին է ակնարկում Ախոյանը:
-Ինչ վերաբերում է հովանավորչությանը, կուզենայի մի խորհուրդ տալ հումանիտար ուսումնարան ավարտածներին, երբ հենվում են մի կետի վրա, միշտ վտանգ կա, որ մի փոքր հեռանալու դեպքում ճողվածք կստանան: Վստահելի հենարանը (հովանավորը) ժողովուրդն է:
-Արագած Ախոյանը նշել է նաեւ, որ թիվ 14 ընտրատարածքում ավելի լուրջ մարդիկ են ուզում առաջադրվել: Նա, ըստ էության, Ձեզ անլուրջ է համարում:
-Հավանաբար դա է պատճառը, որ ինքն այդ տարածքում չի առաջադրվելու: Հարցն իր մեջ արդեն իսկ պարունակում է պատասխան:
-Ի վերջո, պարո՛ն Խաչատրյան, առաջադրվելո՞ւ եք թիվ 14 ընտրատեղամասում:
-Այո՛, անպայման:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս