Նախօրեին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար», պատմական գիտությունների թեկնածու, ՀՀԿ-ական Գևորգ Մելքոնյանն ազատվել է աշխատանքից:
Ըստ «Հրապարակի» աղբյուրի՝ Մելքոնյանը բուհում սովորող ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր «պարտավորվածությունները» չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս «պատժել» են «տղայականով» և ռեկտորին սպառնացել են՝ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն:
Նույն օրը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Մելքոնյանին ազատել է աշխատանքից, և որևէ մեկը ՀՀԿ-ից չի կանխել դա։
Դեպքի հետ կապված` Գևորգ Մելքոնյանը, կարծես թե, մեկնաբանություններ և պարզաբանումներ չունի անելու: Համառորեն չպատասխանելով Armlur.am-ի հեռախոսազանգերին` Գ. Մելքոնյանը ստիպում է համոզվել տարածված ասեկոսեների հավաստիության մեջ:
Իսկ ինչպիսի կենսագրություն ունի ԵՊՀ ռեկտորի` արդեն նախկին օգնականը:
Նախ նշենք, որ 2013 թվականին ԵՊՀ ուսանողները դասադուլ-ստորագրահավաք էին հայտարարել Գևորգ Մելքոնյանի հեռացման պահանջով: Դասադուլավորները համոզված էին, որ Մելքոնյանը գցում է ԵՊՀ-ի պատիվը:
Եվ այս օրերին Գ.Մելքոնյանը կազմակերպում էր դասադուլավորների դեմ հակաակցիաներ՝ համակարգելով այն ուսանողների գործողությունները, ովքեր կանգնում էին ԵՊՀ-ի մուտքի մոտ և ակցիայի մասնակիցներից պահանջում էին հեռանալ բուհի առջևից: Մեքոնյանն անգամ վիճաբանել էր դասադուլավորների հետ ու, շրջվելով դեպի հակաակցիայի մասնակիցները, ասել էր. «Զորքը բեր առաջ»:
Հիշեցնենք, որ նույն Մելքոնյանը ժամանակին հանդիպել էր 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների ծնողների հետ, երբ վերջիններս բողոքում էին, թե բուհական դասագրքի մեջ մարտի 1-ի իրադարձությունները աղճատված են ներկայացված: Սակայն այս հանդիպումն այդպես էլ ոչինչ չտվեց զոհվածների հարազատներին:
Տաթև Հարությունյան