Ռուսնե՞րն են որոշելու, թե մենք ինչ կոշիկ հագնենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդումայի պատգամավոր Օլեգ Միխեևը («Սպրավեդլիվայա Ռոսսիյա», թարգմանաբար` «Արդար Ռուսաստան») դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ առաջարկելով Մաքսային միության շրջանակներում արգելել տափակակրունկ և բարձրակրունկ կոշիկները:

Պատգամավորի համոզմամբ, սպորտային կեդերը, մոկասինները, «բալետկաները», էլ չասած «շպիլկա-կրունկների» մասին, խիստ վտանգ են ներկայացնում քաղաքացիների առողջության համար, քանի որ փոփոխում են ոտնաթաթի կառուցվածքը:

Ներկայում Մաքսային միության կանոնակարգում արդեն գոյություն ունեն մի շարք պահանջներ կոշիկների որակի վերաբերյալ, սակայն «առողջապահական» խնդիրներ առաջին անգամ են արծարծվում:

Ռուսասատանյան պատգամավորի մտահոգությունը ոչ միայն ռուսաստանցի, այլև չարչրկված Մաքսային միության անդամ այլ երկրների քաղաքացիների, հատկապես` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ, գուցե գովելի և մարդասիրական է: Հայտնի չէ, թե ինչ են մտածում այս մասին խազախ կամ ղրղզ կանայք, սակայն հայ տիկնայք անկախացումից ի վեր սովորություն են դարձրել ինքնուրույն ընտրություն կատարել հագուստի և կոշիկի հարցում, և դժվար թե «արդարության» կողմնակից ռուսաստանցի խորհրդարանականի խորհուրդների կարիգն ունեն:

Ռիտա Կարապետյան




Լրահոս