ՓԼՈՒԶՈՒՄ ԱՌԱՓԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Առափի համայնքի սողանքը դարձյալ ակտիվացել է` հերթական անգամ խուճապի մատնելով սողանքային գոտում ապրող բնակիչներին: Վերջին օրերի առատ տեղումները եւ ձնհալը նոր փլուզումների պատճառ են դարձել: Փլուզվել են Խուրշուդյանների ընտանիքին պատկանող բնակարանի տանիքը, պատերը եւ պատուհանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը:  Բարեբախտաբար, փլուզման պահին  ընտանիքի անդամները եղել են բնակարանի առավել անվտանգ հատվածում: Տանտերը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել մարզային փրկարարական վարչությանը եւ Շիրակի մարզպետարանին: Սակայն մարզային կառույցից դեռեւս չեն արձագանքել, իսկ Խուրշուդյանների ընտանիքը բնակության այլ վայր տեղափոխվել չի կարող: Գիշերն անցկացրել են հարեւանների տանը: «Ես եմ, երկու էրեխեքս, մերս ու կինս, էրեխեքին ուղարկել ենք հարեւանների տուն, մի կերպ անցկացրել ենք գիշերը: Բայց հնարավոր չէ ապրել նման պայմաններում: Մեզի անհապաղ ինչ-որ տեղ է պետք, որ կարողանանք գոյություն պաշտպանենք, մինչեւ տեսնինք` ինչ կեղնի»,-ասաց Արթուր Խուրշուդյանը:
Տանտիրոջ պնդմամբ` խնդիրը պատասխանատու կառույցներին  չի հետաքրքրում: Ամիսներ առաջ, երբ քաղաքաշինության վարչության մասնագետները սողանքային գոտին ուսումնասիրելու համար հերթական անգամ Առափիում էին, Խուրշուդյաններն իրենց խնդրի մասին բարձրաձայնել են: Սակայն քաղաքաշինության վարչության մասնագետները միայն խորհուրդներ են տվել, որ սողանքային գոտում ապրելը խիստ վտանգավոր է, եւ  Խուրշուդյանները  պետք է բնակության այլ վայր գտնեն: «Մենք պետությանը տարիներ շարունակ հողի հարկ կուդանք, էդ հողահարկից նման դեպքերում պետությունը գյուղացուն օգնություն չի՞ հատկացնելու, երբ  գյուղացու տունը  կբլի»,-բողոքում  է Վերա Խուրշուդյանը:
Առափեցիները հիմա սարսափով սպասում են գարնանը, քանի որ համոզված են` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ` ավելանալու է փլուզումների վտանգը: Մասնագետները բազմիցս են զգուշացրել, որ բնակավայրում ապրող մարդկանց տարհանել է պետք: Այս գյուղի սողանքային գոտին համարվում է շատ ակտիվ եւ վտանգավոր: Ընտանիքի հայրն ասում է` եթե առաջիկայում հարցին պետական մակարդակով լուծում չտրվի, իրենք ստիպված կլինեն թողնել ու հեռանալ Հայաստանից:
Նշենք, որ այս պահի դրությամբ Առափիի սողանքային գոտում է գտնվում  գյուղի բնակֆոնդի շուրջ 30 տոկոսը: Իսկ կառավարության կողմից փոխհատուցում հատկացվելու է միայն 11 ընտանիքի: Պետական բյուջեից մարզի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացված 10 միլիարդ դրամից Շիրակի մարզպետարանը 45 միլիոնն ուղղել է Առափիի սողանքից տուժած ընտանիքների բնակարանի գնման վկայագրերի ձեռք բերմանը: Այդ 11 ընտանիքների շարքում Խուրշուդյանների անունը բացակայում է: Հարկ է նաեւ նշել, որ այս ընտանիքներից ոչ բոլորն են կարողացել ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերել: Ոմանք նաեւ հրաժարվել են` պատճառաբանելով, որ իրենց տրվող գումարով չեն կարողացել բնակարան գտնել:   

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս