Երեւանի Մաշտոցի այգում երեկ հավաքված մի շարք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձում էին կանգնեցնել ծավալվող շինարարությունը: Նրանցից մեկն անգամ պառկել էր էքսկավատորի դիմաց:
Տեղեկացնենք, որ այգում փոքրիկ «բուտիկների» կառուցման դեմ երիտասարդների պայքարը սկսվել է դեռեւս մեկ ամիս առաջ: Ուղղակի վերջին մեկ շաբաթվա ընթացքում երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիան տեղափոխել են նոր կառուցվող տաղավարների ներսում` այդպիսով փորձելով խոչընդոտել շինարարության ընթացքը: Այս փաստը զայրացրել էր Երեւանի քաղաքապետարանին, որը երեկ ոստիկանների միջոցով բռնի կերպով տաղավարներից դուրս հանեց ակցիայի մասնակիցներին: Այնուհետեւ տաղավարների շուրջ խմբվեցին 30-ից ավելի ոստիկաններ` պահպանելով «ազատագրված տարածքը»:
Նշենք, որ այդ չարաբաստիկ տաղավարները Մաշտոցի այգի են տեղափոխվել Աբովյան փողոցից: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի կողմից մաքրում է Աբովյան փողոցը, բայց մյուս կողմից փորձում է ծառերի հաշվին առեւտրի կրպակներ կառուցել այգում:
Ցուցարարներից մեկը` Արման Գովեյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը սկսել են մոտ մեկ ամիս առաջ, եւ ամեն անգամ, երբ զանգահարել են «արագ արձագանքման փրկարար ջոկոտ», վերջիններս եկել են եւ կասեցրել շինարարության ընթացքը: Բայց երբ հեռացել են, շինարարությունը շարունակվել է: Նրա խոսքերով` կրպակատերերն այնքան հզոր մարդիկ են, որ նրանց իրավունքների պաշտպանության համար երեկ «դեպքի վայր» էր ժամանել Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Նա ցուցարարներին հորդորել է` հեռանալ եւ թողնել, որ շինարարներն աշխատեն: Նշենք, որ հավաքվածների մեջ էր նաեւ հայտնի դերասան Երվանդ Մանարյանը, ով նույնպես աջակցում էր ցուցարարներին` միաժամանակ ցավով նշելով, որ արվեստի գործիչները չեն պայքարում Երեւանի մաքրության ու գեղեցկության համար:
Հիշեցնենք, որ ցուցարարները քաղաքապետարանից պահանջում էին շինթույլտվություն: Թեեւ մյուս կողմից վստահ էին, որ ներկայացված ցանկացած փաստաթուղթ ապօրինի կլինի, քանի որ այգին հանրային տարածք է, եւ առանց հանրության կարծիքի ինչ-որ բան չի կարելի կառուցել այնտեղ:
Այսպես համախմբված սպասում էին քաղաքապետարանի պատասխանին, ինչի փոխարեն նախանշված ժամից մի փոքր անց հավաքվածներին մոտեցավ Երեւան քաղաքի ավագանու անդամ, Կամերային թատրոնի ղեկավար ՀՀԿ-ական Արա Երնջակյանը, որի հետ բանավեճի բռնվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Երբ ակցիայի մասնակիցները հարցրին, թե ինչի համար է եկել, պարոն Երնջակյանը պատասխանեց. «Եկել եմ օրենքի համար»: Նրա այդ հիմնավորմանը հետեւեցին գոռոցներ` «Դու հո ոստիկան չես, գնա՛, թատրոնով զբաղվի՛» կամ «Գնա՛, թատրոնդ քանդի՛, տեղը բուտկա՛ դիր»: Իսկ արդեն վերջում վանկարկեցին «մտավորական» բառը` «ր»-ի փոխարեն գործածելով «ռ» տառը: Այս խայտառակությունից հետո Երնջակյանը հեռացավ, իսկ հավաքված ցուցարարները շարունակեցին իրենց բողոքի ակցիան:
Ի դեպ, մինչ մարդիկ պայքարում էին, շինարարները, թաքնվելով ոստիկանների թիկունքում, շարունակում էին իրենց աշխատանքը: Ավելին, անտեսելով բնապահպանների կոչերը, խարույկ էին վառել ծառի արմատների մոտ, որպեսզի տաքացնեն իրենց գործիքները:
ԽԱՐՈՒՅԿ՝ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՆՈՒՇԱԿ ԹԱՎՐԻԶՅԱՆ