Երեկ «Միկա -ցեմենտ»-ի ղեկավարությունը ժողով է հրավիրել ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Ժողովին ներկա է եղել նաեւ նախկին տնօրեն`այժմ տնօրենի առաջին տեղակալ Նաիրա Մարտիրոսյանը:
Հիշեցնենք,որ հունիսի 16-ին գործարանի աշխատողները հանդես եկան մեծ բողոքի ակցիայով`պահանջելով իրենց 7 ամսվա աշխատավարձը: Գործարանի կառավարիչ Արթուր Մուրադովը խոստացավ 2 օրից հարցը լուծել: Իսկ աշխատողներն հայտարարեցին երկօրյա գործադուլ: Երեկվա կայացած ժողովից հետո գործադուլավորներից տեղեկացանք,որ տնօրինությունը հանդես է եկել հայտարարությամբ,թե մինչեւ ուրբաթ աշխատավարձերը ոչ ամբողջությամբ ,բայց գոնե մասնակի կվճարի,աշխատողներն էլ պարտավոր են երկուշաբթի օրվանից աշխատել: Այն, որ աշխատավարձերը փոխանցվելու է մասնակի եւ ավելին դեռ չի էլ փոխանցվել, վրդովեցրել է աշխատողներին, ինչպես իրենք ասացին` մասսայական գործից ազատման դիմում են գրում: Աշխատողներից մեկն էլ ասաց.«Նախկինում իրենք էին մեր հետեւից ընկել,բողոքում էինք,թե չէ ազատում էին,հիմա մենք ենք իրենց քաշելու»:
Նշենք նաեւ, որ «Միկա-ցեմենտի» տնօրինությունը երեկ Հրազդանի տեղական հեռուստաընկերություն բանվորների եւ մի շարք մասնագետների աշխատանքի հրավիրելու հայտարարություն է ներկայացրել: Տնօրինությունն հասկանում է, որ ընդամենը երկու օրից կանգնելու է փաստի առաջ`գործարանում այլեւս աշխատող չի լինելու, եւ նախկին աշխատողների հետ հաշիվները չփակած նոր աշխատողներ է ընդունում: