Սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Հրուշ Աղբալյանի աշխատասենյակում ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի խորհրդանիշ-շարֆ կա` 1593թ. հիմնադրված այդ քաղաքի պատկերով ափսե: Դրանք Ոսկեպարի գյուղապետին է նվիրել Ստարի Օսկոլի քաղաքապետը, ով երկու տարի առաջ ռուսական այդ քաղաքում բնակվող ոսկեպարցի մի գործարարի հրավերով եկել էր Ոսկեպար, հիացել տեղի հրաշք անտառներով, հյուրասիրությամբ եւ քաղաքի խորհրդանիշ-շարֆը փռելով Հրուշ Աղբալյանի ուսերին` նրան հրավիրել իր ղեկավարած քաղաք: Ստարի Օսկոլում ոսկեպարցիները մեծ թիվ են կազմում: Նրանք մի օր քաղաքի մուտքի ցուցանակին խազել են «Նովիյ Ոսկեպար» գրությունը: 1970-ական թվականներին Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, այսօր գյուղի եռահարկ միջնակարգ դպրոցում սովորում է 102 աշակերտ: Ոսկեպարից արտագաղթի պատճառը մարդկանց սոցիալական եւ կենցաղային դժվարին պայմաններն են: Սահմանամերձ գյուղի համար չլուծված հիմնախնդիր է հրետակոծված եւ պատերազմական գոտում գտնվելու պատճառով լքված տների տերերին փոխհատուցման հարցը: 1980-ական թվականների սկզբին ռազմավարական նկատառումներով բնակավայրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ` ադրբեջանական Աշաղի Աքսիբարա (Ներքին Ոսկեպար) գյուղի մոտ, մի ամբողջ թաղամաս կառուցվեց` 27 առանձնատուն: Սակայն դրանց տերերը չհասցրին այնտեղ բնակվել. 80-ականների վերջին սահմանագոտում իրավիճակը սրվեց: Հիմա այդ տները ռազմական գոտում են գտնվում: Դրանց տերերը, որոնց մի մասը Ռուսաստանում է, արդեն երկու տասնամյակ պետությունից փոխհատուցման են սպասում: 1980-ական թվականներին Ոսկեպարը 7 տարի բնական գազ է ստացել Ադրբեջանից եւ դրա համար ոչ մի կոպեկ չի մուծել: Գազամատակարարումը դադարեց հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից: Այս տարի նախատեսվում է իրականացնել այդ 6 գյուղերի գազաֆիկացումը: Ոսկեպարի համայնքապետարանի շենքը, որը ադրբեջանական հրետակոծություններից տասնյակ տեղերից վնասվել է, խարխլվել, հիշեցնում է 16 ոսկեպարցու կյանք խլած պատերազմի չսպիացած վերքերը: Ե՞րբ կհիմնանորոգվի համայնքապետարանի շենքը, ի՞նչ միջոցներով: Միգուցե այն ժամանակ ոսկեպարցիները դադարեն մտածել Ստարի Օսկոլ գնալու մասին եւ հայացքները հառած հայրենի Կատարքա սարին` արարեն խաղաղ օրերի տարեգրությունը:
Տավուշ