ԵԹԵ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՍ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հերթական զրուցակիցն է մասնագիտությամբ ռեժիսոր-դերասան ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ (Էխո-Մխոն): Աշխատում է Համազգային եւ Կամերային թատրոններում:
-Ձեզ երկար ժամանակ չէինք տեսնում սերիալներում, բայց վերջերս հայտնվեցիք «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներում:
-«Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում կարճ ժամանակ խաղացի, իսկ հիմա նկարահանվում եմ «Մի՛ ստիր» հեռուստաշարքում, որը սերիալ չէի անվանի: Ես ինձ թատրոնում շատ ավելի լավ եմ զգում, զբաղվածությունս էլ էնտեղ քիչ չի:  
-Սերիալներին դե՞մ եք, չե՞ք ուզում դառնալ սերիալային մշտական դեմք, Ձեր կոլեգաների մեծ մասին այսօր հենց սերիալներում ենք տեսնում:
-Դե նայած ով իրեն որտեղ է լավ զգում: Ոչ մի մեղադրանքի խոսքեր ասել չեմ կարող, եթե դերասանն իրեն լավ է զգում շոուներում, սերիալում, ֆիլմերում կամ թատրոնում, թող էդպես էլ անի:
-Չե՞ք կարծում, որ այստեղ հարցը լավ զգալը չէ, այլ ֆինանսական խնդիրներ լուծելը:
-Չէ՛, էդպես մի՛ ասեք, միայն ֆինանսականը չի: Օրինակ` ես երկու թատրոնում եմ աշխատում, բայց կարողանում եմ կողքից համատեղել շատ-շատ բաներ` հաղորդումներ, ֆիլմերի դուբլյաժներ…
-Խոստովանեք, որ եթե միայն թատրոնում զբաղված լինեիք ու կողքից չլինեին նույն այդ դուբլյաժն ու հաղորդումները, դժվար թե թատրոնի աշխատավարձով կարողանայիք  նորմալ ապրուստ ապահովել:
-Թատրոնի աշխատավարձով չէ, բայց դա այն վայրն է, որտեղ դերասանը լիարժեք լիցքաթափվում է: Դե հիմա ես կարողանում եմ լուծել ապրուստի խնդիրները:  
-Հեռուստաընկերությունները թույլ չեն տալիս, որ իրենց սերիալի դերասանները մի ուրիշ հեռուստաալիք գնան: Թատրոնում ինչպե՞ս է այդ հարցը դրված:
-Ես ինքս երկու թատրոնում եմ աշխատում, բայց այնտեղ դրվածքն այնպես չէ, ինչպես TV-ներում: Եթե կա դերասանի պահանջարկ, ուրեմն  նա կարող  է զբաղված լինել երկու տեղում էլ: Հետո իմ պարագայում ոճապես տարբեր թատրոններ են, դրա համար էլ հետաքրքիր է լինել երկու տարբեր բեմերում, փորձել քեզ նաեւ այլ վայրում, չմնալ մի տեղում, արմատանալ, ժանգոտել:
-Վերջերս մի տենդենց է նկատվում, որ արվեստի շատ գործիչներ, անունները չնշեմ, վերցնում են իրենց ընտանիքներն ու հեռանում` օտար ափերում իրենց ապագան փնտրելու:  Ձեզ մոտ նմանատիպ ցանկություններ չե՞ն առաջանում:
-Վերջերս Կամերային թատրոնի հետ գնացի ԱՄՆ` հյուրախաղերի, վայրն ինձ դուր եկավ, բայց ոչ մնալու համար: Այստեղ փոքրիշատե գործ ունեմ, զբաղված եմ, ինձ այստեղ հաճելի է   ստեղծագործել, աշխատել, խաղալ: Էդպիսի մտադրություններ չունեմ:
-Ժամանակին, երբ «32 ատամ» ակումբը դեռ նոր էր սկսել իր ուղին, Դուք այնտեղ Ձեր էջն ունեիք, ի՞նչ եղավ, ինչո՞ւ դադարեցիք տղաների հետ հանդես գալ:
-Կարելի է ասել` ես այդ ակումբի կորիզներից մեկն եմ եղել, ամենասկզբում մենք ենք եղել՝ հիմնադիրները: Բայց թատրոնը մի տեսակ ուժ ունի, որը քեզ ստիպում է շատ բաներից հրաժարվել: Պետք չէր, որ իմ էջը երկարեր, նյութը, սցենարը կրկնվում էր, ինքս էլ չէի ուզում, որ վատ վերջանար: Դրա համար էլ պետք է կարողանաս ժամանակին  դուրս գալ ցանկացած տեղից, ինչը շատ մարդիկ չեն ֆայմում: Սիրվել էր էջս, թող այդպես էլ մնար: Եթե դերասանն այլեւս բան չունի անելու, պետք է հեռանա: Կան այնպիսիները, որ մնում ու փտում են բուֆետներում: Եթե անելիք չունես, ճիշտ ժամանակին հեռացի՛ր: Սիրում եմ ժամանակը ճիշտ օգտագործել:
-Ակումբից հեռանալուց հետո տղաների հետ հարաբերությունները նորմա՞լ են:
-Այո՛, մինչ օրս շփվում ենք: Իմ հեռանալը ոչ մի կերպ չի անդրադարձել ընկերական հարաբերությունների վրա:
-Հիշում եմ Ձեզ նաեւ «2 աստղ» ու «Երգ երգոց» նախագծերում: Համարում եք, որ դերասանն ունիվերսա՞լ է, կարող է նաեւ երգել, պարել…
-Պարտադիր, դերասանը պարտավոր է բազմակողմանի զարգացած լինել: Եթե չգիտի, ոչինչ, չեն կախի դրա համար, բայց տարբեր շնորհներ ունենալը ցանկալի է: Եթե հաճույքով ես անում ամեն բան, մեկը մյուսին չի խանգարում:
-Ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չե՞ք ստացել:
-Չէ՛, բայց ստանալիս էլ պետք է իմանամ` ինչ են նկարում: Պետք է հասկանաս` կարո՞ղ ես լավ անել դա, թե՞ ոչ: Եթե լավ կանես, արա՛, եթե ոչ, ուրեմն մի՛ տառապի ու քեզ հետ էլ մի՛ տանջի լիքը մարդկանց: Կարեւորը ճիշտ ընտրությունն է: ժամանակին շատ բաների եմ համաձայնել,  բայց հիմա պետք է ընտրեմ. հա՛մ տարիքն է թելադրում, հա՛մ էլ հետագայի իմ պատկերացումները:
-Հոնորարի չափը չի՞ թելադրում, գայթակղիչ լինել չի՞ կարող:
-Չէ՛, վստահ եմ, չի կարող: Դուք միայն հաջողություն մաղթեք ինձ իմ հետագա գործերում:
-Համարեք, որ մաղթեցի: Լավ, Էլ ի՞նչ չբացահայտված կողմ կա, ինչի՞ մասին մենք չգիտենք:
-Ընտանիքի լավ ամուսին եմ:
-Լսել եմ նաեւ, որ թամադայություն եք անում:
-Կա էդպիսի բան:
-Միայն բարձր վարձավճարով ու հայտնի մարդկանց հարսանիքնե՞ր եք վարում, ամեն մեկը կարո՞ղ է հրավիրել Ձեզ իր հարսանիքին:
-Ամեն մեկը չի կարող, բայց դա չի նշանակում, որ միայն հայտնիների հարսանիքներ եմ վարում: Մարդիկ իրենց ճաշակով են հրավիրում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս