Իրաքը փաստացի երեք մասի է բաժանվել` սունիական, շիական և քրդական. РИА Новости-ին է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ մեկնաբանելով այդ երկրում սրված իրավիճակը:
«Ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո միասնական երկիր այդպես էլ չձևավորվեց: Ներկայում այդ պետությունը փաստացի տրոհվել է երեք մասի`սունիական, շիական և քրդական», – ասել է Պատրուշևը:
Նա նշել է, որ ներկայումս Իրաքի և Սիրիայի տարածքում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված գրոհայինները զգալի հաջողությունների են հասել և պատրաստվում են գրոհել Բաղդադը: Այդ կազմակերպության գրոհայինները վերահսկում են երկրի երկրորդ ամենախոշոր քաղաքը` Մոսուլը: Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ կան բազմաթիվ զոհեր, հարյուրավոր փախստականներ լքում են իրենց տները:
Ծայրահեղականների ձեռքում է հայտնվել մեծ թվով զենք և ռազմական տեխնիկա: Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները փորձում են էլ ավելի ընդլայնել Իրաքում իրենց վերահսկողության տակ գտնվող գոտին, ասել է Պատրուշևը:
Նրա կարծիքով, Իրաքը, ինչպես և Հարավսլավիան, Լիբիան, Եգիպտոսն ու Սիրիան ԱՄՆ-ի կողմից ստիպողաբար «ժողովրդավարցման» զոհ են դարձել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Պաուելլը ՄԱԿ-ում մի սրվակ է ցուցադրել, ուր, իբր, պարունակվել են իրաքյան զանգվածային ոչնչացման զենքի նմուշներ:
«Հետագայում բոլորին պարզ դարձավ, որ Վաշինգտոնը ոչ մի ապացույց չունի: Սակայն Իրաքի ռմբակոծումներն արդեն սկսվել էին, դրան հետևեց Սադամ Հուսեյնի հետ հաշվեհարդարը», – հիշեցրել է Պատրուշևը: